Մատչելիության հղումներ

Հնգյակի ծնողները համոզված են՝ երկու երեխաներին հնարավոր էր փրկել, եթե «ժամանակին անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեին»


Հնգյակ նորածինների ծնողները, արխիվ
Հնգյակ նորածինների ծնողները, արխիվ

Մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում լույս աշխարհ եկած հնգյակի ծնողները համոզված են՝ իրենց երկու աղջիկները հնարավոր է՝ ապրեին, եթե բժիշկներն ու առողջապահության նախարարությունը ժամանակին քայլեր ձեռնարկեին, Հայաստան հրավիրելով արտասահմանյան մասնագետների։

Նորածինների հայրը՝ Վարդան Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ բացառիկ ծնունդը պահպանելու համար հայ մասնագետներն անում են ամեն ինչ՝ իրենց ուժերի ներածին չափով, ինչը, սակայն, իրենց կարծիքով, բավարար չէ։ «Իրենք նախօրոք տեղյակ են եղել, որ ծնվելու է 5 երեխա, բնական ճանապարհով, ավելի լուրջ քայլեր չեն ձեռնարկել, սպասել են ամենավերջին պահին: Հնարավոր չի ՝ իրենք չունենան դրսում կոլեգաներ, կապեր, կարային Հայաստան հրավիրեին մասնագետների, ավելի լուրջ, որ կոնկրետ հնգյակի հետ գործեր են ունեցել»,- ասաց Վարդան Կարապետյանը:

Նա վիրավորված նշում է՝ մամուլից է տեղեկացել, որ աղջիկները մահացել են։ «Էրեբունի» բշժկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն էլ ասում է, որ եթե դրսից մասնագետ հրավիրելու խնդիր լիներ, դա պետք է աներ Առողջապահության նախարարությունը։ «Դա արդեն, արերկրից հրավիրելը, նախարարության մակարդակով պետք է լինի, բայց պատմության մեջ նման բան չի եղել, որ արտերկրից մենք մասնագետ հրավիրենք երեխաների համար»,- ասաց Պողոսյանը:

Տեղի լավագույն բժիշկների ջանքերն արդյունք չտվեցին փոքրիկների խորը անհասության պատճառով։ Անդրանիկ Պողոսյանը ձեռքբերում է համարում միայն այն, որ իրենց հաջողվեց մինչև 28 շաբաթականը պահպանել հղիությունը և կենդանի երեխաների ծնունդ ընդունել․ «Հնգյակների դեպքում գոյություն ունի սելեկտիվ աճի դանդաղում հասկացողություն, այսինքն՝ 5 երեխան 28 շաբաթականում մոտավորապես համապատասխանում են 25-ից 26 շաբաթականի, իսկ դա խորը անհաս է համարվում»:

Երեխաների խորը անհաս են, հետևաբար, նրանց օրգանների ֆունկցիոնալ համակարգը դեռ ամբողջականորեն ձևավորված չէր՝ ասում է Պողոսյանը։ Ըստ բժիշկների՝ դեռ հղիության շրջանում ծնողներին զգուշացվել է, որ երեխաներից ոչ բոլորը կարող են ապրել։ Գինեկոլոգներն առաջարկել են նաև հեռացնել պտուղներից երկուսին, բայց ծնողները չեն համաձայնել։

«Բացատրեցինք, որ հնգյակի մեր փորձը շատ քիչ ա և ճիշտ կլինի, որ երկուսն ընդհատվի, որ մնացած երեքն ապրեն: Ամեն անգամ իրենց զգուշացրել ենք, որ հնգյակները ծայրահեղ անհաս երեխաներ են լինելու, և նրանց ապրելու հավանականությունը շատ փոքր տոկոս է կազմելու»,- ասում է բժիշկներից Դավիթ Աբովյանը:

Նորածինների հայրն ասում է՝ «աԱս պահին չեմ հիշում, ասե՞լ են արդյոք բժիշկերը, որ երեխաները չեն ապրի»։ Բայց նա հստակ հիշում է, որ շեշտել են՝ փոքր քաշով են ծնվելու։ Ինչ վերաբերում է պտուղներից 2-ի հեռացմանը, ապա իրենք չեն ընդունում դա, քանի որ «դա մարդասպանություն է»:

Իր երեք երեխաներին Վարդանն այսօր տեսել է։ Ասում է՝ 2 աղջկա վիճակը մնում է կայուն ծանր, իսկ տղայինը՝ ծայրահեղ ծանր։ Բազմազավակ հայրը վրդովվում է, երբ կարդում է աշխարհի տարբեր ծայրերից ստացվող լուրերն ու տեսնում, թե ինչպես են 600 կամ 500 գրամ քաշով երեխաներն ապրում։ Անդրադառնալով նորածինների համար նախատեսված հատուկ սարքերին՝ Վարդան Կարապետյանը շեշտում է՝ այդ առումով էլ պատրաստվածություն չկար։

Փոքրիկների ծնունդից հետո Կարապետյաններին բնակարան նվիրեց Մայր Աթոռը, իսկ երեխաների սննդի ծախսերը հոգալու պատրաստակամություն հայտնեց առաջին տիկինը։ Այսօր «Ազատության» հետ զրուցում Ռիտա Սարգսյանը խոստացել է աջակցել ընտանիքին նաև երեխաների 1 տարին բոլորելուց հետո։ «Հետո էլ ինչ պրոբլեմ կունենան, ես պատրաստ եմ օգնել»,-ասաց առաջին տիկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG