Այսօր օրվա առաջին կեսին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը շրջեց Էրեբունի վարչական շրջանում՝ բաժանելով թռուցիկներ և հորդորելով ձայն տալ Զարուհի Փոստանջյանին։
Բայց նախ պատմեցին հանգստյան օրերին Կարս և Անի կատարած այցի մասին:
«Մենք քայլել ենք փողոցներով՝ եռագույններով: Կոչեր ենք արել թե՛ հայերեն, թե՛ անգլերեն լեզուներով, որ մարդիկ իմանան, որ սա մեր երկիրն ա, սա մեր Հայաստանն ա», - փոխանցեց կուսակցության անդամ Արտակ Մելիքյանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ու Զարուհի Փոստանջյանի մասին ոչինչ չիմացող տեղացիներից առավել, ըստ Մելիքյանի, խմբին զարմանքով են ընդունել Թուրքիայում գտնվող հայաստանցի զբոսաշրջիկները․ - «Նայում էին, չէին հավատում իրանց աչքերին, որ տիկին Փոստանջյանը գտնվում է Ղարսում ու քարոզչություն ա անում եռագույն դրոշով՝ քայլելով փողոցներով»։
Հարցին, թե արդյոք մտահոգություն չի եղել, թե օտար երկրում նման քարոզը կարող էր անօրինական համարվել, Մելիքյանն արձագանքեց․ - «Դուք եթե մոտիկից ճանաչեիք տիկին Փոստանջյանին, այդ հարցը չէիք տա: Տիկին Փոստանջյանը էն խիզախ քաղաքական գործիչն ա, որը չի վախենում»:
Քարոզարշավ անցկացնող «Երկիր Ծիրանին» բացատրում է Անի ու Կարս այցնի նպատակը. երևանցի ընտրողներին ցանկանում էին ցույց տալ, որ եթե ձայնը տան գործող իշխանությանը, ապա Երևանն էլ մի օր կարող է արժանանալ Անիի ու Կարսի տխուր ճակատագրին։
Էրեբունի համայնքի բնակիչները վերցնում էին թռուցիկներն և խոստանում ծանոթանալ ծրագրին։
Փոստանջյանի հիմնադրած կուսակցության ներկայացուցիչների աչքից չվրիպեցին այս համայնքի անբարեկարգ բակերը՝ չաշխատող ցայտաղբյուրներով, տեղ-տեղ հանդիպող փոսերով ու թափված աղբով․ - «Սա իրանց դեմքն ու պատկերն ա ցույց տալիս: Եվ մենք պիտի հանդուրժե՞նք սա»:
Այնուամենայնիվ, գտնվեց բնակիչներ, ում կարծիքով, իրենց բակերը բարեկարգ և մաքուր են, ուստի քվեարկելու են հօգուտ գործող քաղաքապետի: