Մատչելիության հղումներ

Էդվարդ Թոփչյան․ Սիրով կատարում ենք հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, ի թիվս համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների, պարբերաբար հնչում են նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքներ: Ցավոք, բացի երաժշտասեր հանրությունից, հայ ժամանակակից կոմպոզիտորների անունները մեր լայն հանրությանն այնքան էլ հայտնի չեն, և նրանց ստեղծագործությունների հաճախակի կատարումը հնարավոր է դարձնում լրացնել այդ բացը:

«Ազատության» հարցին, թե հնարավոր չէ՞ արդյոք ավելի հաճախ համերգացանկում ընդգրկել հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, Էդվարդ Թոփչյանը պատասխանեց․ - «Էդ հարցը որ ամեն անգամ հնչում ա, ես էնպես եմ զարմանում, որովհետև մենք շատ գործեր, կներեք անկեղծությանս համար՝ ստիպված կատարում ենք, և ոչ ոք չի գալիս դա լսելու: Մենք անընդհատ կատարում ենք, ու էդ հարցը էլի հնչում ա․․․ Նախ ստեղծագործությունների մեծ մասը հետաքրքիր չի: Մյուսը, երբ որ հետաքրքիր ա, ընկնում ա էդ «հետաքրքիր չի»-ի տակը, և դա էլ չեն գալիս լսելու: Եվ գիտե՞ք ինչն ա պրոբլեմը․ որ էս խոսակցությունը մեր մեջ ուղղակի խոսակցություն ա: Մենք անընդհատ նվագում ենք: Եչ միայն մենք: Երիտասարդական նվագախումբը: Եվ օպերայի ամբողջ երկացանկն էլ հայկական երաժշտություն ա: Որը կոպիտ սխալ ա․ մեր մոտ չկա Մոցարտ, Ռոսինի․․․ ամեն ինչ հայկական ա»:

Էդվարդ Թոփչյանի համոզմամբ, այսօր մեր նվագախմբերը շատ ավելի պիտի համաշխահային երաժշտարվեստի լավագույն ստեղծագործությունները ներկայացնեն: «Խոսքը, իհարկե, Մանսուրյանի, Երկանյանի և այլոց մասին չէ», - շեշտում է Էդվարդ Թոփչյանն ու շարունակում, որ, օրինակ, հունիսի 10-ին առաջին անգամ նվագելու են Երկանյանի 6-րդ սիմֆոնիան․ - «Փայլուն գործ ա, դե բոլորդ եկեք լսեք: Ցավոք, սրտի սիմֆոնիկ երաժշտությունը սկիզբ չի առել հայերից և չի շարունակվում հայերով: Շատ հրաշալի ա, որ մենք ունենք էդպիսի կոմպոզիտորներ, որոնք կարող են տեղեր զբաղեցնել: Ինչ-որ չափով սա հիանալի ա: Բայց երաժշտության մեջ էս նացիոնալիզմը դնելը սխալ բան ա: Մենք սիրով կատարում են հայ ստեղծագործություններ և կատարում ենք չափից ավելի շատ: Էկեք սրանից հետո դուք սկզբից էդ հարցերը ուղղեք հայկական ունկնդրին, ավելին՝ մի հատ սկսեք Կոմպոզիտորների միությունից, ասեք՝ եթե Ձեր գործը կատարվում ա, Ձեր կոլեգաները ինչո՞ւ չեն գալիս Ձեզ լսելու»:

Մեր անվանի մեկ այլ դիրիժորի՝ Կարեն Դուրգարյանի համոզմամբ, պետք է այս առումով հատուկ քաղաքականություն վարել․ - «Ժամանակ առ ժամանակ հայ այն արտիստները, ովքեր արդեն անուն ունեն եվրոպական կամ ամերիկյան բեմերում, նրանք անպայման փորձում են հայ կոմպոզիտոր ներառեն իրենց ծրագրերում։ Բայց դրանք փորձեր են, որովհետև, հավատացեք, Սպենդիարյան աշխարհում որևէ մեկը չգիտի, Արամ Խաչատրյան քչերը գիտեն, Ղազարոս Սարյան որևէ մեկը չգիտի․․․ Լինելով մեր հիմքը: Որովհետև այս բոլոր կոմպոզիտորները մեր արյունն են, մեր գենն են: Հիմա տեսեք․ տարբեր արտիստներ փորձում են իրենց համերգների մեջ ներառել մի փոքր Խաչատրյան, Բրամսի հետ մի փոքր Ղազարոս Սարյան, Ավետ Տերտերյան: Սրանք դեռ փորձեր են, որովհետև սովետական ժամանակահատվածից հետո դռները նոր բացվեցին և հայ արտիստը ներխուժեց դեպի եվրոպական բեմահարթակ․․․ Սա երկարատև պրոցես է, որովհետև փաստորեն 25 տարիների ընթացքում մեքն ունենք հայ արտիստների ելույթ աշխարհի բեմերում: Մինչև այդ շատ քչերն էին: Հավատացեք, 25 տարին պրոպագանդելու համար շատ քիչ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG