Թուրքական ոստիկանությունը մայիսի 7-ին ներխուժել է Ստամբուլի «Բելգե» հրատարակչություն և 2,000 գիրք բռնագրավել, հաղորդում է «Ջմհուրիեթը»:
Թերթի տվյալներով, ոստիկանությունը խուզարկություն է նախաձեռնել արգելված Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցություն – ճակատի հետ կապեր ունենալու կասկածանքով:
Ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք հրահանգ են ունեցել բռնագրավել «Պետությունից զրկված քրդեր» և «Մահից էլ բարդ որոշումներ» գրքերը:
Հրատարկչությունը հիմնադրվել է 1977 թվականին և հիմնականում մասնագիտանում է քաղաքական, տնտեսական, փիլիսոփայական և մարդու իրավունքներին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի վերաբերյալ գրքերի տպագրության մեջ:
Հրատարակչության հիմնադիրները՝ Ռագիփ Զարաքոլուն և նրա կինը՝ Այշե Նուր Զարաքոլուն, հայտնի մտավորականներ են, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի «Մտքի ազատություն» մրցանակի դափնեկիրներ:
Ռագիփ Զարակոլուն ձերբակալվել է 2011 թվականին՝ Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապերի կասկածանքով և ազատ արձակվել մեկ տարի անց՝ 2012-ին: