Մատչելիության հղումներ

«Ելք»-ը խոստանում է հաշվետու լինել, ՀՀԿ-ն՝ իրագործել ծրագրային բոլոր դրույթները


Մայիսի 14-ը լավ հնարավորություն է մայրաքաղաքի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար, այսօր այս կոչով Արաբկիր վարչական շրջանում իրենց քարոզարշավը անցկացրեցին ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամները։

«Հանուն ժողովրդի հաղթանակի, հանուն ձեզանից յուրաքանչյուրի հաղթանակի, մեր հաղթանակը ձեր հաղթանակն է», - հայտարարում էր «Ելք»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները ներկայացնում էին իրենց նախընտրական ծրագիրն ու երևանցիներից վստահության քվե խնդրում։ Պատուհաններից նայող քաղաքացիներից մեկ առ մեկ ճշտելով, թե մայիսի 14-ին ում են ձայն տալու, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սրանով ի չիք են դառնում իշխանության կողմից պատվիրված սոցհարցումների արդյունքները։

Դաշինքի մյուս անդամները, դիմելով երևանցիներին, հորդորում էին մայիսի 14-ին իրենց ձայնը տալ «Ելք»-ին։ Այսօրվա քարոզարշավին մասնակցում էր դաշինքի ողջ առաջատար կազմը, այդ թվում՝ նորընտիր պատգամավորներ Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Արարատ Միրզոյանը։

Երևանի գործող ավագանի, «Ելք» դաշինքից ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը նշում էր, որ իշխանության գալու դեպքում իրենք հաշվետու են լինելու յուրաքանչյուր երևանցուն, ներկայացնելու են քաղաքապետարանի բյուջեից կատարված յուրաքանչյուր ծախսը։

«Եթե «Ելք»֊ը կարողանա քաղաքապետի պաշտոնը ստանձնել, դա կլինի ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու սկիզբ», - նշում էր նա։

Հանրապետական կուսակցության քարոզարշավը Շենգավիթ համայնքում

Երևան մեկ այլ՝ Շենգավիթ վարչական շրջանում էլ այսօր քարոզարշավ անցկացրեց Երևանի գործող քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը։ Հանդիպումների ընթացքում անձրև էր տեղում, այդ իսկ պատճառով քարոզարշավը փոքր ինչ կարճ տևեց։ Ելույթներ ունեցան քաղաքապետ Տարոն Մարգարյանը և փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը;

Իր ելույթում Մարգարյանն ասաց, որ ի տարբերություն այլ ուժերի՝ իրենք խոստումներ այս անգամ չեն տալիս, այլ ներկայացնում են այնպիսի ծրագիր, որը կարող են իրագործել։

Չնայած ընդդիմադիրների պնդմանը, թե քաղաքապետը դեռ նախորդ ընտրություններին տված խոստումների ընդամենը 30 տոկոսն է իրականացրել, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը իր ելույթում հայտարարեց, որ իրենք նախորդ ընտրությունների ժամանակ տված խոստումները իրականացրել են և մատնանշում էր, մասնավորապես, աղբահանության խնդիրը, ասելով, թե՝ միջնադարյան զանգով շարժվող մեքենաներին փոխարինել են ժամանակակից մեքենաները և աղբահանության խնդիրն այսօր լուծված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG