Մատչելիության հղումներ

Ծնողները բարձրաձայնում են դպրոցներում դրամահավաքների և քաղաքականացման խնդրի մասին


Մի խումբ ծնողներ բարձրաձայնում են քննական շրջանում դպրոցներում ուսուցիչների համար բացվող սեղանների ու դպրոցների քաղաքականացման խնդրի մասին։

Գրիգորի Դոխոյանն, օրինակ, Ֆեյսբուքում գրել էր, որ դստեր դպրոցից ու որդու մանկապարտեզից զանգահարել են տուն ու ասել, որ պետք է ներկա լինեն քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումներին։ Թեպետ դպրոցի ու մանկապարտեզի տնօրեններն այս լուրը հերքել են, այդուհանդերձ՝ Դոխոյանը պնդում է․ - «Եթե չկարողանանք բուժել դպրոցները, սա ուղղակի կատաստրոֆա է»։

Այսօրինակ խնդիրներից բողոքող մի խումբ ծնողներ ու կրթության ոլորտի փորձագետներ շաբաթավերջին քննարկում էին կազմակերպել։ Ծնողներից մեկը՝ Մերի Կարապետյանը, ասաց՝ որդին սովորում է 4-րդ դասարանում, ծնողները քննական շրջանում ուսուցիչների համար սեղան գցելու և նվերներ գնելու համար դրամահավաք են կազմակերպել։

«Այդտեղ գալիս է իմ ընդվզումը․ ես նախ կանգնում եմ ու հուշում եմ ամբողջ դասարանի ու մանկավարժի առաջ, որ մենք գործ ունենք Հանրապետական ցուցակ հավաքած տնօրենի հետ, որը նախևառաջ բարոյապես պատասխանատու էր այդ գործողության համար, որով ինքը արատավորել է կրթական միջավայրը», - պատմում է ծնողը՝ շարունակելով․ - «Ամենահասարակ նվերը մանկավարժին՝ չորրորդ դասարանը ավարտելուց հետո, լինում է, օրինակ մատանու տեսքով, «Սվարովսկու» քարերով ինչ-որ սկուտեղ և այլն »։

Ըստ Կարապետյանի, դրամահավաքի թեմայով տնօրենի հետ սպասվող ծնողական ժողովը չի կայացել միայն այն բանից հետո, երբ ինքը զանգահարել է նախարարության թեժ գիծ։ Ասաց՝ նախարարության խողովակներով հայտնի է դարձել, որ հենց ինքն է թեժ գիծ զանգահարողը ու մի խումբ ծնողներ սկսել են իրեն մեղադրել և «գործ տվող» անվանել։

Հանդիպմանը ներկա ծնողների խոսքով, դրամահավաք կազմակերպողները հիմնականում ծնողներն են։ Ըստ նրանց, այդ մասին նախապես տեղյակ ուսուցիչներն ու տնօրենները, սակայն, ոչինչ չեն ձեռնարկում դրամահավաքն արգելելու համար։

Դրամահավաքի մի պատմություն էլ ներկայացրեց Արևիկ Աշխարհոյանը․ - «Ծնողները ուղղակի չգիտեն, որ ուսուցիչը վճարվում է իրենց հարկերից։ Դա ստիպում է մտածել, որ իրենք պարտք են ուսուցչին, դպրոցին։ Դրա համար լրացնում են՝ նվերներ են անում։ Նույն փորձը մենք ունեցանք հենց վերջերս։ Ծնողները ուզեցին ճոխ նվերներ մարտի 8-ի կապակցությամբ։ Մենք, ուղղակի, մի քանի հոգով, թույլ չտվեցինք ու այդպես էլ եղավ»։

Ծնողներից մեկն էլ ասաց՝ ինքը ծնողական խորհրդի նախագահն է ու անձամբ է կասեցրել դրամահավաքի փորձը դպրոցում․ - «Հրավիրել եմ երեք զուգահեռ դասարանների ծնողկոմիտեներին, առանձին զրույց եմ ունեցել, որ ամենաանմեղ նվերը ծաղիկն է․ մենք բոլորով համաձայնության ենք եկել։ Ուղղակի փաստ եմ արձանագրում՝ սկսենք մեզանից, չփնովենք ոչ մեկին»։

Հանդիպմանը ներկա էր նաև կրթության փոխնախարար Դավիթ Սահակյանը․ - «Եկել էի որպեսզի լսեի՝ մեկ։ Եվ երկրորդ՝ եկել էի, որպեսզի կոչ անեի, որ այն մարդիկ, ովքեր իրոք ուզում են ինչ-որ բան անել՝ ես պատրաստ եմ իրենց հետ ճանապարհ անցնելու։ Լավ կամ վատ՝ նախարարությունն ինչ կարող է՝ անում է, ու 90 տոկոսն այսօր աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի արձագանքի պահանջատերերին։ Բայց ես նախարարությունում խնդիր ունեմ, որպեսզի լինեն մարդիկ, ում հետ կարելի է ճանապարհ անցնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG