Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հանդիսավորությամբ հանձնեց նորընտիր պատգամավորների մանդատները: Կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված միջոցառմանը խորհրդարան անցած չորս ուժերից ողջ կազմով չէր ներկայացել միայն ընդդիմադիր «Ելք» դաշինքը՝ արարողությունը որակելով ձևական:
Չնայած մանդատներից չեն հրաժարվել, բայց միջոցառման չէին եկել ներքաղաքական վերջին սկանդալի մասնակիցները՝ «Ծառուկյան» դաշինքի ութ պատգամավորները, որոնց անունից ինքնաբացարկի դիմումներ էին ուղարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Մանդատները հանդիսավորությամբ ստանալու չէին եկել նաև «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան»-ի նախկին ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Դաշինքի խոսնակ, նորընտիր պատգամավոր Իվետա Տոնոյանը շեշտում էր, որ պատգամավորական այս ութնյակն ինքը պիտի որոշի՝ ինչպե՞ս է խորհրդարանում հարաբերվելու է իրենց խմբակցության հետ:
Դաշնակցությունն առայժմ չի գաղտնազերծում՝ նախարարական քանի՞ պորտֆել կստանա նոր Կառավարությունում:
Մանդատը ստացավ, բայց լրագրողների հարցերն անպատասխան թողեց ընտրական սկանդալային պատմության կիզակետում հայտնված, իշխող Հանրապետականի պատգամավոր Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ):
Օֆշորային սկանդալի մասնակից Միհրան Պողոսյանը, թեև վերցրեց պատգամավորական մանդատը, բայց չի բացառում վերադարձը Դատական ակտերի հարկադիր ծառայություն:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը «Հանրապետական» խմբակցության պատգամավոր էր, նոր խորհրդարանում կներկայացնի «Ծառուկյան» դաշինքը, ասաց՝ ինքնակամ է լքել ՀՀԿ-ն:
Վեցերորդ գումարման Ազգային ժողովն ունի 105 պատգամավոր, առաջին նիստը մայիսի 18-ին է: