Մատչելիության հղումներ

Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորված Ավետիս Զարգարյանն արդեն սահուն խոսում է


Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված Ավետիս Զարգարյանն ատամնաբուժ էր ուզում դառնալ, սակայն երիտասարդի պլանները քառօրյա պատերազմից հետո փոխվեցին:

«Հիմա մտքիս մեջ ոչ մի բան չկա: Առաջ կար՝ հիմա չկա: Հիմա սաղ խառնվելա իրար, բուժվելուց հետո նոր կմտածեմ ապագայի մասին», - «Ազատության» հետ զրույցում պատմեց նա:

20-ամյա Ավետիսն արդեն մեկ տարի ու մեկ ամիս պառկած է հիվանդանոցում։ Ողնուղեղի վիրավորում ստանալուց հետո չէր կարողանում խոսել, քայլել, անգամ ինքնուրույն շնչել։ Մեկ տարվա ընթացքում նրա առողջության ամեն դրական տեղաշարժը ծնողների համար հաղթանակ է։

«Առաջին անգամ որ ոտքը շարժեց՝ կյանքում չեմ մոռանա այդ օրը: Հիվանդանոցում, հոսպիտալում ինչքան բժիշկ եղելա՝ բոլորն էլ հերթով եկել են՝ Ավե՛տ, շարժի ոտքդ՝ տենամ: Շարժելա՝ այ սենց ծափահարել, պաչիկ արել ու գնացել: Էնքան ըտենց էդ օրը էդ շարժումը արել էր, որ իրիկունը ախպերը եկելա, ասում ենք՝ Ավետ, ոտքդ շարժի Արմանը տենա, էլ չէր կարում, հոգնել էր», - պատմում է մայրը՝ Սոնա Զարգարյանը:

Արդեն սահուն խոսող Ավետիսն ասում է՝ որքան էլ քիչ էր իր վերականգնվելու հավանականությունը, մեկ տարվա ճանապարհը հույսով է անցել։

«Շատ մասը եղել եմ ռեանիմացիայում, կյանքիս համար էին պայքարում: Էս վերջի երեք-չորս ամիսա, որ արդեն վերականգնողական կենտրոններում: Հունվարին գնացել եմ Մոսկվա, այնտեղ շարունակելու բուժումս», - պատմեց նա:

Ավետիսը ծնողների հետ նոր է վերադարձել Մոսկվայից։ Մոր խոսքով՝ այնտեղ վերականգնողական կուրսեր ընդունելուց հետո որդու վիճակն ավելի է լավացել․ - «Ընդեղ ամրացավ ինքը, դժվարություններին սկսեց դիմանալ: Սկզբից ստեղ չէր կարում երկար նստեր, ճնշում էր գցում»:

Հայրը՝ Հայկազ Զարգարյանը, ասում է՝ վիրավոր զինվորին արտերկրում բուժվելու ծախսերը հոգացել են բարերարները․ - «Ես չգիտեմ կոնկրետ ովքեր են, շատ մարդիկ են: Բոլորին, անխտիր, ովքեր օգնել են՝ 1 լումայից մինչև ինչքան որ օգնել են՝ բոլորին շնորհակալություն»:

Ավետիսը, ով քառօրյայի ժամանակ ամենածանր վիրավորում ստացած զինվորներից մեկն էր, զինծառայության համար ստացել է միայն մեկ պատվոգիր, մեկ շնորհակալագիր․ - «Պատվոգիր են տվել ծառայության ժամանակ, մի հատ շնորհակալագիր՝ էլի ծառայության ժամանակ: Երկու անգամ ինքը օրինական ձևով արձակուրդա եկել որպես լավ ծառայող: Ինքը դիպուկահար է: Որ վիրավորվել է, արդեն երևի էլ ոչ մեկին պետք չէ, եսի՞մ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG