Մատչելիության հղումներ

Հայաստանում արձագանքում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտալոտ փակման մասին հաղորդումներին


Երկու տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ փակվեց ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը: Այս տարի էլ Ադրբեջանը խոչընդոտեց երևանյան գրասենյակի բյուջեի հաստատմանը՝ անհնարին դարձնելով 1999 թվականից գործող գրասենյակի գործունեությունը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Հայաստանի դիվանագիտական պարտությունն է և Ադրբեջանի հաղթանակը, պնդում են հայաստանյան փորձագետները: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով, իշխանությունները բավարար ջանք չեն գործադրել՝ գրասենյակը փակելու ուղղությամբ Ադրբեջանի գործողությունները կանխելու համար:

«Հայաստանի իշխանությունները որևէ լուրջ հրապարակային գործունեություն չծավալեցին այս խնդրի շուրջ միջազգային կարծիք ձևավորելու առումով, նույնիսկ պաշտոնական հայտարարությունները, որոնք արվել են գրասենյակի փակման հետ կապված, չեն էլ մատնանշում ՝ ով է մեղավոր, ում պատճառով է: Այսինքն, ո՛չ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի, ո՛չ հատուկ ներկայացուցչի գնահատականներում Ադրբեջանի անուն տրված չէ: Ընդամենը՝ ափսոսանք, ցավ է հայտնված և ինչ-որ անհույս լավատեսություն, որ ԵԱՀԿ-ն ակտիվ գործունեություն կծավալի Կովկասում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը:

Այլ կարծիքի է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, նրա պնդմամբ՝ անկախ հայկական դիվանագիտության աշխատանքից, արդյունքը չէր փոխվի, քանի որ ԵԱՀԿ-ում որոշումների կայացման համար պետք է բոլոր անդամ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համաձայնությունը:

«Մեր դիվանագիտության միակ հնարավորությունը կարող էր լինել այն, որ մենք այլ երկրներին համոզեինք՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի իր վետոյի իրավունքից: Ես կարծում եմ, որ այդ ճնշումը կար, անկախ նրանից, թե որքանով էր ակտիվ Հայաստանի դիվանագիտությունը: Ես չգիտեմ մանրամասները՝ ինչ աշխատանքներ են տարվել, բայց ես տեսնում էի, որ ճնշումներ կան և՛ նախագահող երկրի՝ Ավստրիայի կողմից, և՛ նախորդ նախագահող երկրի՝ Գերմանիայի կողմից և համոզված եմ՝ Ռուսաստանի կողմից, թեև դա չէր երևում, բայց ինձ համար ակնհայտ է: Բայց, փաստորեն, դա արդյունք չտվեց»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Տարեսկզբին Ադրբեջանը դեմ էր հանդես եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարացմանը, դա պատճառաբանելով գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման մարդասիրական ծրագրով: Սակայն, այդ ծրագրի կասեցումից հետո անգամ ադրբեջանական կողմը խոչընդոտեց գրասենյակի բյուջեի և մանդատի հաստատմանը, ըստ էության` անհնարին դարձնելով 1999 թվականից գործող կառույցի աշխատանքը:

«Ազատության հետ զրույցում արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նշեց՝ Բաքվին կառուցողական դաշտ վերադարձնելու՝ ԵԱՀԿ երկրների ջանքերն ապարդյուն անցան: «Ադրբեջանցիներն իրականում խանդով էին վերաբերվում, որ միշտ օրինակ էր բերվում, որ Հայաստանում գրասենյակը գործում է բավական արդյունավետ, շատ լուրջ ծրագրեր էին իրականացվում: Այդ ամբողջ պատմությունը հենց դրա հետևանքն էր, որ Հայաստանին մատնանշում էին՝ որպես շատ դրական օրինակ, օրինակ էին բերում մյուս բոլոր պետություններին»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Տեղի ունեցածը որակելով միջազգային ասպարեզում Ադրբեջանի հերթական ձախողում՝ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը պնդեց, որ Ադրբեջանն իր ապակառուցողական մոտեցումներով ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ՝ հակադրվելով ողջ կազմակերպությանը:

Հակառակ կարծիքին է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: «Ի՞նչ մեկուսացման մասին է խոսքը, հակառակը՝ այնքան մեծ իշխանություն ունի այլևս Ադրբեջանը և այնքան լավ է հաշվարկում ցանկացած քայլի հետևանքները, այդ թվում՝ անհասցե հայտարարությունները, որոնք արվել են այս գրասենյակի փակման կապակցությամբ, որ իրեն թույլ է տվել իր իշխանությունը պրոյեկտել իրենցից դուրս, այլ տարածքներում գործող այլ գրասենյակի գործունեությունը կասեցնելու առումով»,- նկատեց Սաֆարյանը:

ԵԱՀԿ փակվող գրասենյակի հետ ծրագրեր իրականացրած՝ Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը ևս կարծում է, որ գրասենյակի փակումից հիմնական տուժողը լինելու է հայկական կողմը: Մասնավորապես՝ ըստ նրա, առանց Երևանում ԵԱՀԿ ներկայացուցչության, ավելի դժվար կլինի իրականացնել մարդու իրավունքներին ու ժողովրդավարացմանն ուղղված ճկուն ծրագրեր:

«ԵԱՀԿ-ի կողմից աջակցություն ստացած ծրագրերը երբեք շատ մեծ չեն եղել, բայց դրանք շատ կարևոր են եղել Հայաստանի համար, քանի որ այդ կառույցը բավականին ճկուն էր արձագանքում անհրաժեշտություններին»,- ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավարը:

Այսօր հայտարարությամբ Միացյալ Նահանգներն ափսոսանք է հայտնել Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ, նշելով, որ այդ գրասենյակներն անգնահատելի աջակցություն են ցուցաբերում այն երկրներին, որտեղ գտնվում են՝ «օգնելով ամրապնդել նվիրվածությունը ԵԱՀԿ սկզբունքներին և հանձնառություններին»:

Երկու տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ փակվեց ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, մինչ այդ էլ դադարեցրել էր գործունեությունը ԵԱՀԿ-ի՝ Թբիլիսում գործող ներկայացուցչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG