Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցություններն ավարտված են. Շարմազանով


ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունները փաստաթղթի մասով ավարտված են, երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ փաստաթուղթն առաջիկա օրերին կհրապարակվի, կկոչվի «Կոալիցիոն համաձայնագիր Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅ Դաշնակցության միջև»։

«ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն 2017-2022 թվականի համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր։ Ինչ վերաբերում է նախարարների պաշտոններին, պառլամենտական ղեկավարության պաշտոններին, այդ հարցերին չենք անդրադարձել՝ ո՛չ պառլամենտի նախագահի, ո՛չ փոխնախագահների, ո՛չ հանձնաժողովի նախագահների հարցերը չենք քննարկել, նույնը կարող եմ ասել նախարարների մասով։ Չեմ բացառում, որ հանձնաժողովների քանակը կկրճատվի, և տրամաբանական եմ համարում, որ միգուցե կրճատվի հանձնաժողովների քանակը, որովհետև 131 պատգամավորի թիվը կրճատվել է, այսօր մենք ունենք 105 պատգամավոր, և տրամաբանական եմ համարում ու չեմ բացառում, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը կաշխատի ոչ թե 12, այլ մի քանի հանձնաժողով ավելի քիչ», - ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով ՀՅԴ-ին տրվող նախարարական պորտֆելներին, Շարմազանովն ասաց. - «Չեմ կարծում, որ քանակը որակի վրա կազդի, կարևորը մենք ունենք քաղաքական որակյալ համաձայնություն, այդ տեխնիկական հարցերը, մարտավարական խնդիրները, երբ որ ավարտենք քննարկումները ընթացքում ձեզ ամբողջական փաթեթով կներկայացնենք։ Կարող եմ միայն ասել, որ շատ իրավացի էր Արմեն Ռուստամյանը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ, եթե տալիս ենք այս ոլորտը կուսակցությանը, տվյալ կուսակցությունը, խորհրդակցելով իր կոալիցիոն գործընկերոջ հետ, նշանակման իրավունքը, կամ թեկնածուի առաջադրման իրավունքը տվյալ կուսակցությանն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG