Մատչելիության հղումներ

Գայանե և Նարեկ Հախնազարյանները հանդես կգան բարեգործական համերգով


Գայանե և Նարեկ Հախնազարյանները լրագրողների հետ հանդիպմանը: 4-ը մայիսի, 2017 թ․
Գայանե և Նարեկ Հախնազարյանները լրագրողների հետ հանդիպմանը: 4-ը մայիսի, 2017 թ․

2013 թվականին Երևանից ոչ հեռու գտնվող Կոշ գյուղում մանկաբույժ-օրթեպեդ Զավեն Քոլոյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է մանկական վերականգնողական կենտրոն, որտեղ մի խումբ բժիշկներ ամենատարբեր ծառայություններ են մատուցում մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող շրջակա գյուղերի և քաղաքների 23 երեխայի:

Անցյալ տարի այս կենտրոն է այցելել մեր անվանի երիտասարդ երաժիշտներից մեկը՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Նա շատ տպավորվել է կենտրոնի ամենօրյա աշխատանքից և հիվանդ երեխաների նկատմամբ հոգատարությունից և վճռել է աջակցել կենտրոնին: Եվ ահա մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի վերոհիշյալ մանկական վերականգնողական կենտրոնին:

«Ապշած էի այն մթնոլորտով և այն սիրով ու խնամքով, որը տրամադրում են այդ երեխաներին պրոֆեսիոնալները, որ այնտեղ աշխատում են: Պայմանները հիասքանչ են, բայց այդ ամենը, իհարկե, պահանջում է ֆինանսական ներդրումներ և փողի կարիք միշտ կա: Ես հույս ունեմ, որ այս համերգից մենք կկարողանանք էական օգնություն տալ», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց երիտասարդ երաժիշտը:

Բարեգործական համերգին Նարեկ Հախնազարյանը մասնակցելու է մոր՝ անվանի դաշնակահարուհի, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գայանե Հախնազարյանի հետ:

«Շատ հուզիչ է մեզ համար այս միջոցառումը, որովհետև միշտ շատ ցավալի է, երբ գիտես, որ կողքիդ կան հիվանդ երեխաներ․ որոնք օգնության կարիք ունեն: Ես շատ ուրախացա, երբ Նարեկը նախաձեռնեց այս համերգը: Մեծ ոգևորությամբ ենք պատրաստվել․ մի փոքր լումա մենք էլ ներդնենք այս բուժման և խնամման մեջ», - ասաց նա:

Բարեգործական համերգի ծրագիրը չափազանց ուշագրավ է: Հախնազարյանները մեր երաժշտասերների համար ընտրել են իրենց նվագացանկի լավագույն նմուշները: Բացի այդ, Նարեկ Հախնազարյանի փոխանցմամբ, կհնչի համաշխարհային պրեմիերա․ - «Մեր հանճարեղ կոմպոզիտոր Էդվարդ Կարապետյանի «Մոնոլոգ» ստեղծագործությունը, որը գրված է ինձ համար: Ես մեկ տարուց ավելի փորձում էի այդ ստեղծագործությունը նվագել, այսինքն՝ համերգ կազմակերպել, բայց տարբեր պատճառներով չէր ստացվում»:

Կոշի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյանն ասաց, որ կենտրոնը հիմնադրվել է բացառապես բարերարների և հովանավորների շնորհիվ, բայց մանկական վերականգնողական կենտրոնին աջակցություն ցույց տալու համար նման համերգ կազմակերպելը առայժմ միակ փորձն է․ - «Բուժումը կազմակերպվում է հետևյալ սկզբունքով․ մենք առավոտյան երեխաներին իրենց բնակության վայրից մեր մեքենաներով հավաքում ենք, բերում ենք կենտրոն: Կենտրոնում այնպես է կազմակերպված, որ յուրաքանչյուր երեխա առնվազն երեք թերապիա մեկ օրում կարողանում է անցնել: Երկու անգամ սնունդ է տրվում երեխաներին: Նաև ուրախությամբ ասեմ, որ մեր աշխատանքը երկար տարիների գնահատեց Առողջապահության նախարարությունը, և այս տարվանից մեզ հնարավորություն ընձեռվեց, որ կարողանանք 24 ժամ այնտեղ ծառայություն իրականացնենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG