Մատչելիության հղումներ

ՏԿԶՆ-ն աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին կճանաչվի


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը տրամադրված է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերել, ամենուրեք անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորել, օրինազանցների նկատմամբ վարչարարությունը խստացնել։

«2017 թվականի ապրիլի 20-ին հռչակել ենք «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը: Ավելի վաղ` 2016-ին, հավանության ենք արժանացրել Հայաստանի 2017-36 թվականների կոշտ թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը, հաստատել ենք իրականացման միջոցառումների ծրագիր, այդ առումով ունենք հստակ պատկերացում և որոշակիացված հեռանկար», - ասել է վարչապետը:

Նշված աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացումն ապահովելու, ուրվագծված որոշ գործառույթներ կանոնակարգելու նպատակով, գործադիրի ղեկավարը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ:

«Մենք փաստորեն առ այսօր նման մարմին չունեինք», - նշել է վարչապետը և հավելել, որ անհրաժեշտ է «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար շատ կոշտ հսկողության տակ պահել՝ անդրադառնալով ծրագրով նախատեսվող քայլերին և իրականացված միջոցառումների արդյունքներին:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին առաջարկել է մտածել հանրապետական շաբաթօրյակ հայտարարելու մասին:

«Այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել այնպես, որպեսզի այն ձևական չլինի, տրամադրել համապատասխան տեխնիկա, շինարարական աղբահանում իրականացնել և այլն», - ասել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG