Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի որոշումը կուսակցականացված էր․ փաստաբան


Հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը (ում ելույթն, ի դեպ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը առաջարկեց տպագրել դատարանի տեղեկագրում) փաստում է՝ միակուսակցական տոտալիտարիզմը, որն այսօր ստեղծվել է Հայաստանում, ի դեմս Հանրապետականի, չի հանդուրժում որևէ անկախություն և դա վերաբերում է նաև Սահմանադրական դատարանին:

Ստորև ներկայացնում ենք հատված փաստաբանի հետ մեր զրույցից:

«Ազատություն»․ - Անդրադառնանք Սահմանադրական դատարանի որոշմանը․ Դուք ներկայացնում էիք Կոնգրես – ՀԺԿ դաշինքի շահերը: Որոշումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ այս որոշումը սպասելի էր բոլորի համար, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այնպիսի մի դիմում էր ներկայացվել Կոնգրես - ՀԺԿ դաշինքի կողմից, որը չուներ որևէ հիմք: Իսկապե՞ս չկային այնպիսի իրավական, ապացուցողական հիմքեր, որոնք կարող էին գոնե կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

Վահե Գրիգորյան․ - Այն, որ այս որոշումը բոլորի համար սպասելի էր, պարոն Մուկուչյանը, վստահաբար, չի սխալվել: Մենք արդեն 20 տարվա պատմություն ունենք Սահմանադրական դատարանի կողմից ընտրական վեճերով արդարադատության իրականացման: Փաստորեն, մի կուսակցություն, որը վերահսկում է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները, միաժամանակ վերահսկում է նաև Սահմանադրական դատարանի դահլիճում Ձեր և հանրության կողմից տեսած ՀԱԿ և ՀԺԿ կուսակցություններից զատ մնացած բոլոր կողմերին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ոստիկանություն, դատախազություն: Եվ այդ շրջանակներում խոսել այն մասին, որ ապացույցներ չեն ներկայացվել՝ այստեղ արդեն պարոն Մուկուչյանի ասվածի որևէ իմաստ կամ բովանդակություն չի մնում:

«Ազատություն»․ - Եթե իշխանության բոլոր ճյուղերը, բոլոր մարմինները գտնվում են Հանրապետականի իշխանության ներքո, Սահմանադրական դատարանը կարո՞ղ է անկախություն դրսևորել այս միջավայրում:

Վահե Գրիգորյան․ - Միակ բանը, որ Սահմանադրական դատարանը կարող էր անել, դա իրողության արձանագրումն է:

«Ազատություն»․ - Ինչպիսի՞ իրողության արձանագրում: Որ երկրում միակուսակցական համակարգ է ստեղված և մեկ կուսակցություն վերահսկում է բոլոր մարմիննե՞րը, և հետևաբար անհնար է այս իրավիճակում ոչ միայն ազատ և արդար ընտրություններ անցկացնել, այլև ապացուցել, որ դրանք այդպիսին չեն եղել:

Վահե Գրիգորյան․ - Այո: Սահմանադրական դատարանը պիտի փոխի իր դիրքորոշումն ընտրական վեճերի վերաբերյալ: Ապացուցման պարտականության բեռի նժարը պետք է էապես փոխվի դեպի պատասխանող կողմը: Պատասխանող կողմն է, որ վերահսկում է ամբողջ ռեսուրսը, տիրապետում է ողջ օպերատիվ-հետախուզական ինֆորմացիային, հսկայական պետական ռեսուրս: Եվ եթե ընտրությունների օրինականությունը, ընտրությունների օրինակարգությունը պիտի ճշտվի այն տեստով, թե արդյո՞ք ՀԱԿ-ՀԺԿ-ն կարողացավ ապացուցել ընտրությունների անօրինականությունը, թե ոչ, և եթե չկարողացավ ապացուցել անօրինականությունը, ուրեմն ընտրություններն օրինական են, սա՝ ըստ էության գրեթե անհնար պարտականություն է:

«Ազատություն»․ - Պարո՛ն Գրիգորյան, Գագիկ Հարությունյանի խոսքից եմ ուզում մեջբերում անել։ Նա նշեց, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների շուրջ 94 տոկոսում նշանակված բոլոր անդամները առանց բացառության ստորագրել են քվեարկության արդյունքների վերաբերյալ բոլոր արձանագրությունները՝ ըստ էության վավերացնելով այդ տեղամասերում ընտրությունների արդյունքները: Եվ հարց է տալիս Գագիկ Հարությունյանը՝ արդյո՞ք այսքանից հետո այս ուժը կարող է գալ և նման հարց բարձրացնել, ասելով, որ դատարանում նման իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ և քաղաքական շահարկումների տեղիք է տալիս: Այսինքն, եթե քո անդամները ստորագրել են, որևէ առարկություն չեն ներկայացրել, ըստ էության՝ վավերացրել են, այդ դեպքում դու ի՞նչ ես գալիս դատարանից պահանջում:

Վահե Գրիգորյան․ - Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Սահմանադրական դատարանի կողմից նման դիրքորոշման արտահայտումը ոչ միայն քաղաքական, այլ կուսակցականացված քաղաքական հայտարարություն է, հետևաբար, ես՝ որպես իրավաբան, դրան պատասխան չեմ տա: Դրան քաղաքական ուժերը թող արձագանքեն: Եթե Դուք ուղղակի պարզ հայացք գցեք մինչև 2022 թվականի խորհրդարանական ընտրությունները, Սահմանադրական դատարանի մեծամասնությունը դեպի ՍԴ իրենց ճանապարհն անցնելու են Մելիք Ադամյան փողոցով: Նրանք շատ բացահայտ դա հայտարարել են: Այնպես որ 2022 թվականի ընտրություններում արդեն ընտրական վեճը, ըստ էության, քննելու է մի դատարան, որի առնվազն մեծամասնությունը գալու է Մելիք Ադամյանից դեպի Սահմանադրական դատարան:

«Ազատություն»․ - Այսինքն, Դուք կարծում եք՝ ապագա Սահմանադրական դատարանը իր կազմով շատ ավելի կախյալ վիճակում է լինելու, քան այն, ինչ այսօր ունե՞նք:

Վահե Գրիգորյան․ - Ես կարծում եմ, որ բոլոր տենդենցները, այս ողջ պրոցեսի ընթացքը գնում է դեպի դա: Միակուսակցական տոտալիտարիզմը չի հանդուրժում որևէ անկախություն: Այն չի հանդուրժում որևէ անկախություն նույնիսկ իր անդամների կողմից՝ իր ներսում: Նայեք՝ մարդիկ նույնիսկ տեղյակ չեն, որ իրենք չենլինելու պատգամավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG