Մատչելիության հղումներ

Թրամփ-Պուտին հեռախոսազրուցի մասին Մոսկվայի և Վաշինգտոնի տարածած հաղորդումները տարբերվում են


ԱՄՆ-ի կողմից սիրիական զինուժի դիրքերը հրթիռակոծելուց հետո սա Թրամփի և Պուտինի առաջին հեռախոսազրույցն է:

Երեքշաբթի օրը, վերջին երեք ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման սիրիական ճգնաժամն էր: ԱՄՆ-ի կողմից սիրիական զինուժի դիրքերը հրթիռակոծելուց հետո սա Թրամփի և Պուտինի առաջին հեռախոսազրույցն է:

Վաշինգտոնը «շատ լավ», իսկ Մոսկվան «գործնական և կառուցողական» է գնահատել նախագահների մոտ 30 րոպե տևած զրույցը: Ինչպես նշում է ամերիկյան կողմը՝ երկու նախագահները համակարծիք են եղել հետևյալ հարցում՝ սիրիացի ժողովրդի տառապանքներն արդեն հասել են այն աստիճանին, երբ կողմերը պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ բռնություններին վերջ տալու համար:

Հեռախոսազրույցի մասին Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը բաղկացած է 10 տողից, որոնցից ութը վերաբերում է սիրիական հակամարտությանը: Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկանքի համաձայն, Պուտինն ու Թրամփը քննարկել են Սիրիայում «անվտանգության գոտիների և լարվածության թուլացման հարցը՝ տառապող խաղաղ բնակչության կյանքը թեթևացնելու նպատակով»: Թրամփի աշխատակազմը հայտնում է նաև, որ իրենց ներկայացուցչին ուղարկելու են սիրիական կարգավորման հարցով բանակցությունների հերթական փուլին մասնակցելու: Բանակցությունները տեղի են ունենալու այս շաբաթ, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հովանու ներքո:

Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության վերջին երկու տողը վերաբերում է Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարին և Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում աշխարհաքաղաքական թերևս ամենասուր խնդրին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրադրությանը: Ըստ այդմ, նախագահները քննարկել են «շատ վտանգավոր իրավիճակի կարգավորման ուղիները»:

Կրեմլի տարածած հաղորդագրությունում, մինչդեռ, այլ շեշտադրումներ են արված: Դրանում Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման մասին խոսք չկա, փոխարենն ընդգծվում է երկու առաջնորդների հեռախոսային շփումները շարունակելու և «Մեծ քսանյակի» առաջիկա գագաթնաժողովի ընթացքում առանձին հանդիպում կազմակերպելու մտադրությունը: Ամերիկյան կողմը, սակայն, այդ մասին մամուլի համար թողարկված հայտարարությունում չի նշում:

Ուշագրավ է, որ ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվայի տարածած հաղորդագրություններում երկու երկրների հարաբերությունների աննախադեպ լարվածության պատճառ դարձած՝ ուկրաինական խնդրի մասին ոչինչ չի նշվում:

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, կողմերը պայմանավորվել են նաև ակտիվացնել երկխոսությունը դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի միջև: ՌԴ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հերթական բանակցությունները տեղի են ունենալու մայիսի 10-ին, Ալյասկայի Ֆերբենքս քաղաքում՝ Արկտիկական խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG