Երևանի ավագանու ընտրությունների «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը այսօր ընտրողների հետ հանդիպումներ է անցկացնում Ավանում:
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով ակտիվ մասնակցություն է բերում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզարշավին, երեկ «Ազատության» եթերում Նիկոլ Փաշինյանին խորհուրդ էր տվել սկսել Իջևան քաղաքից ու դրանից հետո միայն հաջողության հավակնել Երևանում:
Հակադարձելով Սահակյանին՝ Փաշինյանն այսօր ասաց․ - «Փաշինյանը, ի գիտություն Արման Սահակյանի, Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ վարչական շրջաններից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Եթե Արման Սահակյանը դրա մասին չգիտի, կարող եք իրեն տեղեկացնել»:
Փաշինյանին այսօր զայրացրեց լրագրողներից մեկի հարցն այն մասին, որ ավագանու ընտրություններին մասնակցող Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցության որոշ ներկայացուցիչներ իրեն մեղադրում են Տարոն Մարգարյանի օգտին աշխատելու մեջ:
«Էդ հարցերն ինչի՞ եք ինձ տալիս: Ես պարտավորված են ամեն հիմարության պատասխանելո՞ւ: Կներեք, ընտենց հիմար հարցեր էլ չտաք ինձ», - ասաց նա:
Փաշինյանի պնդմամբ, չնայած Տարոն Մարգարյանը 4 տարի ղեկավարել է Ավան համայնքը և հիմա էլ այստեղ ֆինանսական ավելի մեծ հատկացումներ է անում, խնդիրները Ավանում նույնն են, ինչ Երևանի մյուս համայնքներում․ - «Ավան վարչական շրջանի ուղևորները նույնպես կռացած երթևեկում են հուսահատության «Գազել»-ներով, և այդ «Գազելի» գծեից մի քանիսի տերը Տարոն Մարգարյանն է և նրա ընտանիքի անդամները: Եվ չեն պատրաստվում Ավանի մնացած պետական շենքերը սեփականաշնորհել, ինչպես Տարոն Մարգարյանը սեփականաշնորհել է Ավանի ունիվերսամը և այդպես շարունակ»:
Ավանում «Ազատությանը» հանդիպած մի քանի քաղաքացիներ, չդժգոհելով գործող քաղաքապետից, ասացին, որ փոփոխության կարիք կա, և իրենք ընտրելու են Փաշինյանին:
«Տարոն Մարգարյանը, որ համեմատում ես նախորդ քաղաքապետի հետ, բավական մեծ գործ ա արել և անում է: Բայց ինչի՞ մնա մեկը, որ կարելի ա ավելի առաջընթացը թողնել․․․ Ես մտածում եմ առաջընթացի մասին», - ասաց մի ավանցի:
Այդուհանդերձ, մեզ հանդիպած բազմաթիվ ավանցիներ պնդում էին, որ գոհ են Տարոն Մարգարյանի գործունեությունից և պատրաստվում են նրան ընտրել:
«Թեկնածու չկա, որ կարանա, ասենք, Տարոն Մարգարյանի պես աշխատի», - փաստարկեց նրանցից մեկը:
Իսկ մի քաղաքացի էլ, բերելով խորհրդարանական ընտրությունների օրինակը, նշեց, որ ընտրում է ընդդիմությանը, բայց միևնույն է նրանց թույլ չեն տալիս աշխատել:
«Ելք» դաշինքից պատգամավոր ընտրված Արամ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն ունեն տեղեկություններ, որ Տարոն Մարգարյանի հաղթանակի համար Հանրապետականը գործի է դրվում վարչական ռեսուրս․ - «Դաշինքում եղած մեր ներկայացուցիչներից մեկը երկու օր առաջ համացանցում տեղադրել էր, որ իրենց տուն էլ են զանգել թե՛ դպրոցի ուսուցիչը՝ որ պարտադիր Տարոն Մարգարյանի հավաքին գան, թե՛ մանկապարտեզում երեխային դաստիարակը՝ որ անպայման Տարոն Մարգարյանը գալու է բակ և այդ հավաքին ներկա լինեք․․․ Այսինքն իշխանությունները էդ խնդրում ոչնչի առաջ չեն կանգնում:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: