Մատչելիության հղումներ

Հակոբ Բադալյան. «Փաստացի այն, ինչ այսօր տեսնում ենք, ընտրության արդյունքի վերանայում է»


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ, ըստ էության, բուն խորհրդարանական ընտրությունը տեղի են ունեցել ոչ թե ապրիլի 2-ին, այլ տեղի են ունենում ապրիլի 2-ից հետո։

«Ապրիլի 2-ին զուտ թվաբանական իմաստով մի իրավիճակ ենք արձանագրել՝ մի ստատուս քվո, որը, կազմի իմաստով, դեռևս միջանկյալ է, և այդ կազմը դեռևս պետք է անցնի էդ ներիշխանական վերադասավորումների մի տևական փուլի միջով», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբանը՝ շարունակելով. - «Որոշվում է խնդիրը ներիշխանական թևերի այսպես ասած հարաբերակցության։ Հիմնականում կարող ենք մենք արձանագրել, որ չորս թևեր են այստեղ ներգրավված՝ Դաշնակցություն, Գագիկ Ծառուկյան, Սերժ Սարգսյան, բնականաբար, Հանրապետականի իր մեծամասնությամբ և Կարեն Կարապետյան՝ վարչապետ ու Սամվել Կարապետյան՝ գործարար, որոնք ևս ներկայումս ներիշխանական բևեռ են և իշխանության վերադասավորման այս ակտիվ փուլում հանդիսանում են կողմ։ Այս չորս բևեռները հիմա այս մեկ տարվա ընթացքում, իմ գնահատմամբ, պետք է փորձեն միմյանց միջև պայքարով՝ դիրքային պայքարով, միմյանց միջև խորհրդարանական մեծամասնության ուժային հարաբերակցություն պարզելով, մոտենան 2018-ի վարչապետի և կառավարության այդ խնդրի հանգուցալուծմանը»։

Երեկ երեկոյան, հիշեցնենք, հրապարակվեցին պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուների անունները: ՀՀԿ-ից մանդատներից հրաժարվողների թվում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, քաղաքապետ՝ ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը։

ՀՅԴ-ից մանդատներից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել 3 գործող նախարարները՝ Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանը և Լևոն Մկրտչյանը: «Ծառուկյան» դաշինքից մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնողների թվում է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով ընտրություններից առաջ կոալիցիա կազմեց Ծառուկյանի հետ։

Ըստ Հակոբ Բադալյանի, փաստացի այն, ինչ այսօր տեղի է ունենում, ընտրության արդյունքի վերանայում է՝ զգալի իմաստով։

«Որովհետև մենք տեսել ենք, որ ընտրողներին ներկայացվել է բոլորովին այլ ցուցակ, բոլորովին այլ կազմ՝ թե՛ համամասնական, թե՛ ռեյտինգային, և հիմա մենք ունենում ենք մանդատներ ստացող բոլորովին ուրիշ կազմեր։ Այսինք՝ սա, մեծ հաշվով, արդյունքների եթե ոչ թվաբանական, գոնե զգալիորեն բովանդակային, անվանական վերանայում է, մի բան, որն, իհարկե, հնարավոր չէ համարել առողջ քաղաքական երևույթ, որովհետև խորհրդարանի կազմը բացարձակ կապ չունի նույնիսկ այն ֆորմալ կազմի հետ, որն, այսպես ասած, անաղմուկ ընտրությամբ ձևավորել է ընտրողը կամ ընտրական գործընթացի ընթացքում է ձևավորվել», - ասաց մեկնաբանը։

Կան մարդիկ, որոնց անունները ցուցակներում դնելը, ըստ Բադալյանի, զուտ ցուցանակային իմաստ ուներ։

«Վիգեն Սարգսյան, Արմեն Ամիրյան, գրեթե 90 տոկոսով հանրությունն էլ վստահ էր, որ պետք է միևնույն է շարունակեն գործադիրում։ Ինչ վերաբերում է բուն գործընթացին, թե ինչպե՞ս է դա տեղի ունեցել և ինչո՞ւ։ Օրինակ՝ դժվար է ասել, ամեն մի ցուցակ որոշվել է տվյալ ցուցակի առաջնորդի կամքով, թե, օրինակ, Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը միմյանց հետ են համաձայնեցրել երկու ցուցակներից էլ ինքնաբացարկ ներկայացնող թեկնածուների անունները, թե ովքեր պետք է հրաժարվեն մանդատից, ովքեր պետք է ստանան։ Ընդհանրապես այս գործընթացը նաև արտացոլում է ներիշխանական բուն խնդիրը, արտացոլում է այն իրավիճակը, որը կա Հայաստանում 2018 թվականից առաջ», - ասաց Բադալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG