Մատչելիության հղումներ

Վենետիկի 57-րդ բիենալեում Հայաստանը կներկայացնեն երեք արվեստագետներ


Հայաստանցի Ռաֆայել Մեգալը (Միքայելյան) կներկայացնի «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությունը: Լիբանանահայ, այժմ Բրյուսելում բնակվող քանդակագործ Ժան Պողոսյանի ցուցադրությունը կոչվում է «Անշեջ կրակ»: Եվ ազգությամբ սլովենացի, Իտալիայում բնակվող և ստեղծագործող Միրո Պերսոլյայի ցուցադրությունը կրում է «Առանց սահմանի» խորագիրը:

2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեին մասնակցող 53 երկրների շարքում Հայաստանի տաղավարն արժանացավ «Ոսկե Առյուծ» գլխավոր մրցանակին:

«Հայություն» խորագրով Հայաստանի տաղավարը տեղակայված էր Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանության տարածքում: Ցուցադրությունը նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ներկայացված էին աշխարհի տարբեր երկրներում բնակվող 18 սփյռքահայ արվեստագետների աշխատանքներ: Ցուցադրության համակարգողն էր Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:

Իսկ ահա այս տարի կայանալիք Վենետիկի 57-րդ բիենալեին, որը կընթանա «Viva Arte Viva» («Կեցցե կենդանի արվեստը») խորագրի ներքո, Հայաստանը կներկայացնեն երեք արվեստագետներ՝ Ռաֆայել Մեգալը (Միքայելյան) Հայաստանից, լիբանանահայ, ներկայումս Բրյուսելում բնակվող քանդակագործ Ժան Պողոսյանը, և ազգությամբ սլովենացի, Իտալիայում բնակվող և ստեղծագործող Միրո Պերսոլյան, որի ցուցադրությունը կրում է «Առանց սահմանի» խորագիրը․ կապույտ ու կարմիր գույների համադրությամբ ու ներդաշնակությամբ փորձում է շեշտադրել, որ արվեստը սահմաններ չունի:

Ժան Պողոսյանը ներկայացնում է«Անշեջ կրակ» խորագիրը կրող ցուցադրությունը, որպես «հրե վրձին» օգտագործելով զոդալամպի կրակը և խանձվածքը՝ կրակի միջոցով արտահայտելով իր գեղագիտությունը: Նա բազմիցս ցուցադրվել է աշխարհի տարբեր հեղինակավոր պատկերասրահներում:

Հայաստանցի Ռաֆայել Մեգալը ևս հատկապես վերջին տարիներին հաջողությամբ ցուցադրվում է աշխարհի ամենահեղինակավոր ցուցասրահներում և պատկերասրահներում:

Այս երեք արվեստագետների ստեղծագործությունները կցուցադրվեն այս տարվա մայիսի 13-ից մինչև նոյեմբերի 26-ը կայանալիք Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում, որն այս անգամ տեղակայաված է Վենետիկի հայկական Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում: Այս տարի ցուցադրությունը համակարգել է արվեստաբան Սվետլանա Սահակյանը:

Այսօր հրավիրված ասուլիսին, որին բիենալեի մասնակից արվեստագետներից ներկա էր միայն Ռաֆայել Մեգալը, նշվեց, որ Բիենալեի ընդհանուր խորագրի ներքո Հայաստանն ունենալու է երեք տարբեր խորագիր ունեցող ցուցադրություններ: «Եվ յուրաքանչյուր արվեստագետ ինքը ներկայացնելու է և հանրությանը ցույց է տալու, թե ինչպես է պատկերացնում «Կեցցե կենդանի արվեստը» իր տրամաբանության և մեկնաբանության մեջ», - նշեց Սվետլանա Սահակյանը:

Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնող արվեստագետներից երկուսը հայ են (մեկը Հայաստանից, մյուսը՝ սփյուռքից), իսկ թե ինչու է Հայաստանի տաղավարը ներկայացնելու համար ընտրվել նաև իտալացի արվեստագետ, ապա, ըստ Սվետլանա Սահակյանի, նրան ընտրել են՝ առաջնորդվելով հետևյալ տրամաբանությամբ․ - «Վերջին տարիներին Հայաստանի Մշակույթի նախարարությունը բավական ակտիվ համագործակցութոյւն է սկսել իտալական մշակութային ուղղվածություն ունեցող հիմնադրամի հետ՝ «Լուպու» հիմնադրամն է, և այդ հիմնադրամի կողմից առաջադրված թեկնածուն, որը 2016 թվականին մեծ ցուցահանդես ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում, ներկայացնելու է հայաստանյան տաղավարում իր ուրույն ցուցահանդեսով»:

Ռաֆայել Մեգալը բիենալեին կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությամբ, որը բաղկացած է մեկ միասնություն կազմող 15 աշխատանքներից:

«Ես ասեմ, թե ինչու խորագիրը այդպես որոշվեց: Այգին ինձ համար դա եդեմային պարտեզն է, որը խորհրդանշում է Հայաստանը: Հովազները դա ժողովուրդն է, որոնք շատ հարմոնիկ ապրում են այդ պարտեզում, այդ այգում: Նրանք ապրում են իսկապես հարմոնիայի մեջ, բայց տեղը եկած ժամանակ կարող են լինել չափազանց վտանգավոր, ինչպես մեր հայ ժողովուրդը: Այգին ամբողջովին պատված է ծաղիկներով, բույսերով, օգտագործված են հայկական զարդանախշեր՝ նորովի մատուցմամբ»:

34-ամյա Մեգալը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան մի շարք պատկերասրահներում՝ Ֆլորենցիայում, Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում, Տորոնտոյում, մասնակցել է տարբեր միջազգային բիենալեների՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների և պատվավոր կոչումների: 2013 թվականին «Մարութա սար» չարի և բարու պատերազմը պատկերող մասշտաբային ստեղծագործության համար արժանացել է Ֆլորենցիայի բիենալեի արծաթի մեդալի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG