Ֆրանսիայի նախագահական մրցարշավի առաջատարը՝ 39-ամյա Էմանուել Մակրոնը, քարոզարշավի ընթացքում առաջին անգամ չի բացառել, որ Ֆրանսիան ևս կարող է դուրս գալ Եվրամիության կազմից: Առաջիկա կիրակի կայանալիք վճռորոշ քվեարկությունից օրեր առաջ կենտրոնամետ թեկնածուն BBC-ի հետ զրույցում պնդել է՝ անհրաժեշտ են բարեփոխումներ, այլապես Միությունը կարող է կանգնել «Ֆրեքզիթի» առաջ:
«Ես եվրոպամետ քաղաքական գործիչ եմ, և այս ընտրությունների ընթացքում մշտապես պաշտպանել եմ եվրոպական գաղափարն ու եվրոպական քաղաքականությունը, քանի որ, կարծում եմ՝ դա չափազանց կարևոր է ֆրանսիացիների և մեր երկրի համար: Խնդիրն այն է, որ այս երկրում բնակչության գրեթե կեսը դժգոհ է Եվրամիությունից, նրանց չեն գոհացնում այն որոշումները, որ մենք ընդունել ենք տասը տարի առաջ, ինչպես նաև վերջին տարիներին: Այդ իսկ պատճառով, կարծում եմ՝ մայիսի 7-ից հետո իմ առաքելությունն է լինելու նաև Եվրամիության խորը բարեփոխումը», - ասել է նախագահի թեկնածուն:
Մակրոնի մրցակիցը՝ ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության նախկին առաջնորդ Մարին Լը Պենը, վաղուց է խոսում Եվրամիությունից դուրս գալու մասին՝ խոստանալով հաղթանակի դեպքում առաջին հերթին այդ հարցը դնել հանրաքվեի: Այսօր էլ բազմահազար աջակիցների հետ հանդիպմանը ազգայնական թեկնածուն պնդել է՝ իր կառավարությունը արմատապես է փոխելու Գերմանիայից հետո Եվրամիության ամենահարուստ երկրի՝ Ֆրանսիայի զարգացման ուղին:
«Մեր կառավարությունը լինելու է ոչ թե ներկայիս իրավիճակի շարունակման, այլ՝ փոփոխության կառավարություն: Մեր կառավարությունը լինելու է ոչ թե հավակնությունների, այլ հավատամքի կառավարություն: Ոչ թե խոստումների ու խոսքերի, այլ՝ գործի կառավարություն», - հայտարարել է նա:
Մակրոնը ևս չի ժխտում՝ եվրոպական ընտանիքում կան լուրջ խնդիրներ, միայն թե, ի տարբերություն մրցակցի, ֆինանսների նախկին նախարարը վստահ է՝ դրանք հնարավոր է կարգավորել: Նախընտրական ծրագրով եվրոպամետ թեկնածուն խոստանում է քննարկումներ նախաձեռնել Ֆրանսիայում և եվրոպական մյուս երկրներում՝ հասկանալու՝ ինչ են մարդիկ ակնկալում Եվրամիությունից և ինչպես կարող է պաշտոնական Բրյուսելը այդ պահանջները բավարարել: Մակրոնի ծրագրով առաջարկվում է նաև ամրապնդել Եվրամիության սահմանները, հավելյալ գումարներ հատկացնել եվրոպական ընտանիքի պաշտպանությանն ու տնտեսության զարգացմանը:
«Մենք պարտավոր ենք բարեփոխել Եվրամիությունը, պարտավոր ենք պաշտպանել մեր ժողովրդին և կարգավորել գլոբալիզացիան: Եթե ես որոշեմ ընդամենը հետևել այն ճանապարհին, որով գնում է Եվրամիությունն այսօր, կդավաճանեմ իմ ժողովրդին, քանի որ հաջորդ օրը մենք կկանգնենք «Ֆրեքզիթի» կամ կրկին «Ազգային ճակատի» առջև», - նշել է նա:
Ե՛վ Մակրոնը, և՛ Լը Պենն այսօր՝ աշխատանքի միջազգային օրը, նախընտրական հանդիպումներ են անցկացնում՝ վերստին ընդգծելով միմյանց միջև առկա գաղափարական խորը տարաձայնություններն ու մոտեցումները: Ֆինանսների նախկին նախարար Մակրոնը փորձում է ի ցույց դնել իր աջակցությունը նորագույն տեխնոլոգիաներին՝ հանդես գալով Փարիզի հյուսիսում գտնվող գիտական կենտրոններից մեկում․ - «Իմ ընդդիմախոսների ճամբարում շատ են պարզապես զայրացած մարդիկ, որոնք ընտրել են Լը Պենին, քանի որ դժգոհ են այս վիճակից, սակայն «Ազգային ճակատը» հստակ քայլեր չի առաջարկում մարդկանց զայրացնող այդ հարցերը լուծելու համար: Ես չեմ ուզում հաշտվել մտքի հետ, որ կա երկու Ֆրանսիա, և իմ դերը առաջիկա օրերին, հուսով եմ նաև՝ տարիներին, լինելու է երկրի միավորումը, այդ երկու Ֆրանսիաների հաշտեցումը»:
Մինչդեռ ազգայնական Լը Պենը, ով հանդես է գալիս որպես ժողովրդի թեկնածու, մայիսմեկյան հանդիպումները որոշել է անցկացնել Փարիզի արդյունաբերական թաղամասերից մեկում՝ Վիլպենտում․ - «Ֆրանսիան չի կարող այլևս սպասել. սա է իմ հիմնական ուղերձն այսօր՝ մայիսի մեկին, երբ տոնում ենք աշխատանքի օրը: Այս երկիրը ակնկալում է ձեր աջակցությունը, ե՛ս ակնկալում եմ ձեր՝ Ֆրանսիայի հպարտ ու հայրենասեր ժողովրդի աջակցությունը: Կոչ եմ անում մեկ ձայն անգամ չտալ Մակրոնին, մի երկարաձգեք այս երկրի և այս ժողովրդի տանջանքները, մարդիկ այլևս անկարող են ավելին տանել»:
Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն, առաջիկա կիրակի ֆրանսիացիների մոտ 60 տոկոսը պատրաստվում է ձայն տալ Մակրոնին, 40 տոկոսը՝ Մարին Լը Պենին: