Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ տիար Պերճ Սեդրակյանին։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը և ՀԲԸՄ նախագահը գոհունակությամբ անդրադարձել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ արդյունաշատ համագործակցությանը և, քննարկելով համատեղ իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի ընթացքը, նախանշել են ապագա անելիքները։
Նորին Սրբությունը և տիար Պերճ Սեդրակյանը մասնավորապես կարևորել են երիտասարդների հայեցի ու քրիստոնեական դաստիարակությանը, ինչպես նաև հոգևորականների նոր սերնդի կրթությանն ուղղված ծրագրերը։
ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է միության կողմից Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում ու Սփյուռքի տարբեր համայնքներում կատարվող աշխատանքները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս կապակցությամբ իր գնահատանքն է փոխանցել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը նրա ազգօգուտ և հայրենանվեր գործունեության և Հայոց Եկեղեցու առաքելությանը ցուցաբերվող զորակցության համար։
Զրույցի ընթացքում խոր մտահոգություն է հայտնվել Մերձավոր Արևելքի երկրներում տիրող իրավիճակի հետևանքով հայկական համայնքների արտագաղթի առնչությամբ, հատկապես խոսվեց Սիրիայի հայ համայնքին և Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքներին Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի կողմից ցուցաբերվող օժանդակության և այս ուղղությամբ ծրագրվող հետագա քայլերի մասին։ Այս կապակցությամբ ընդգծվել է, որ սիրիահայությանը ցույց տրվող զորակցությունը շարունակական է լինելու, նաև կարևորվել է պետական, հասարակական և ազգային բարեսիրական բոլոր կառույցների ուժերի մեկտեղումն ու համակարգված աշխատանքը։
Գարեգին Բ Հայրապետն ու տիար Պերճ Սեդրակյանը անդրադարձել են ազգային-եկեղեցական կյանքին և հայապահպանությանն առնչվող նաև այլ հարցերի:
Հանդիպման ավարտին Պերճ Սեդրակյանը Մայր Տաճարում նաև ներկա գտնվեց Սուրբ և Անմահ Պատարագին։