Մատչելիության հղումներ

Գեղասարցիները երեխաներին ուսման տալու իմաստ չեն տեսնում


Լոռու մարզի Գեղասար գյուղում քչերն են դպրոցն ավարտելուց հետո շարունակում ուսումը: Այս տարի, օրինակ, դպրոցն ավարտող ինը աշակերտներից միայն երկուսն են պատրաստվում բարձրագույն կրթություն ստանալ:

Ավարտական դասարանում սովորող Արևիկն այն եզակիներից է, ով օր ու գիշեր պարապում է բուհ ընդունվելու համար: Չնայած պապի հորդորներին, թե ուսումը աղջկա բան չէ, Արևիկը հաստատակամ է՝ որոշել է մանկավարժ դառնալ և գյուղի դպրոցում մաթեմատիկա դասավանդել: Իր ապագան առանց ուսման չի պատկերացնում: - «Պիտի աշխատես, որ ընտանիքդ կարենաս պահես», - ասում է նա:

Արևիկի համադասարանցի Նյուրան, ընդհակառակը, ժամանակի կորուստ է համարում հինգ տարի սովորելը. - «Սովորելը երկար ժամանակա պահանջում, իսկ հետո կարողա աշխատանք չլինի, դրա համար: Մի կողմից էլ` մնալու խնդիրնա, Վանաձորում էի մնալու, հարմարություն չունենք, որ գնամ ինչ-որ մեկի տանը մնամ: Ծնողներիս հետ որոշել եմ, ասեցին, որ կգնամ ինչ-որ մի տեղ կմնամ` երկու-երեք ամիս, ինչ-որ մի բան կսովորեմ` վարսավիրություն, խոհարարություն, նման մի բան»:

Նյուրայի մայրը՝ Մարգարիտ Ավետիսյանը, մտահոգ է՝դստերը ուսման տալու ցանկություն ունի, բայց միջոցներն ու պայմանները բացակայում են. - «Երեխա է, խամ երեխա: Ըտենց որ սորվելու տաս, պիտի գնաս մոտը մնաս տիրություն անես: Իրան ուզելով որ լինի, թող ամեն մեկը մի բան սորվի, ամեն երեխեն էգուց մի բան գիտենան, որ ծնող ես` գիտես, որ երեխեդ մենձցել է, ինչ-որ արդյունքի ենք հասել: Ծնողն ինչ` մենակ մեր գոյությունը կպաշտպանենք»:

Աղջկա ուսման հարցը ինքնըստինքյան երկրորդային է դարձել: Արտերկրում ամուսնու աշխատածը հազիվ է բավականացնում հողագործությամբ ու անասնապահությամբ ապրող ընտանիքին: Կինն ասում է՝ ամեն տարի չէ, որ ամուսնու գործերը լավ են լինում. - «Որ դատարկ եկավ, ո՞նց պիտի ապրես: Դրսի մարդու գործը Ասված գիտեմ մենակ»:

Գյուղի կանայք ազատության հետ զրույցում ասում են, թե անիմաստ է ուսումը շարունակելը, երբ գյուղում աշխատանք չկա: Իսկ ուսանող պահելը, ասում են, լրացուցիչ ծախսեր է պահանջում: Գեղասարցի Ալվարդ Ղազարյանը հիշում է՝ ինչ մեծ դժվարությամբ է վեց տարի շարունակ որդու ուսման հարցերը լուծել: Արդյունքում դիպլոմը պետք չի եկել, տղան էլ արտագնա աշխատանքի է մեկնել:

«Ենթադրենք կրթության տան, ստեղ գյուղում ի՞նչ տի աշխատի: Ան` տվել եմ, դիպլոմը ձեռը նստել է, ո՞ւր էրթա: Սորվել է», - բողոքում էր նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG