Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծիք է հայտնել, որ եթե Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև պատերազմ բռնկվի, «մարդկության զգալի մասը» կբնաջնջվի և կոչ է արել երրորդ երկրներին հանդես գալ որպես միջնորդ և հաշտեցման եզրեր փնտրել:
Հռոմի պապը այս մասին հայտարարել է պապական ինքնաթիռում` Եգիպտոս կատարած այցից վերադառնալիս, ուր նա մեկնել էր եգիպտական երեք եկեղեցիներում տասնյակ հավատացյալների կյանքեր խլած հարձակումներից հետո: Եգիպտոսի փոքրիկ եկեղեցիներից մեկի մոտ Ֆրանցիսկոսը բացօթյա պատարագ է մատուցել` իր աջակցությունը ցույց տալով Եգիպտոսի քրիստոնեական փոքրամասնությանը:
Կորեական թերակղզում լարվածությունը աճեց Հյուսիսային Կորեայի իրականացրած բալիստիկական հրթիռների փորձարկումներից հետո` անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը: Փհենյանը նաև միջուկային զենքերի փորձարկումներ է իրականացրել և մտադրություն է հայտնել ստեղծել այնպիսի հրթիռներ, որոնք կկարողանան մարտագլխիկները հասցնել մինչև Միացյալ Նահանգների տարածք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով նոր ծովային ուժեր է կենտրոնացրել Կորեական թերակղզու մերձակա ջրերում, զգուշացրել է, որ եթե Հյուսիսային Կորեաի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը չփոխի իր վարքագիծը` հետևանքները «աղետալի» կլինեն:
Հռոմի պապը հորդորել է ԱՄՆ նախագահին և համաշխարհային այլ առաջնորդների` դիվանագիտական քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու համար, քանի որ խնդիրը վերաբերում է «մարդկության ապագային»: Նա առաջարկել է որևէ երրորդ երկրի, օրինակ` Նորվեգիային, ստանձնել միջնորդի դերը: