Մատչելիության հղումներ

Ծանր ճգնաժամ Մակեդոնիայում


Ցուցարարները ներխուժել են Մակեդոնիայի խորհրդարան և ծեծի ենթարկել մի քանի տասնյակ պատգամավորների, Սկոպյե, 27-ը ապրիլի, 2017թ.
Ցուցարարները ներխուժել են Մակեդոնիայի խորհրդարան և ծեծի ենթարկել մի քանի տասնյակ պատգամավորների, Սկոպյե, 27-ը ապրիլի, 2017թ.

Արևմուտքը և Ռուսաստանը միմյանց մեղադրում են Բալկաններում իրավիճակը սրելու մեջ:

Անկարգություններ «կայուն» համարվող երկրում

Մակեդոնիան տասնամյակներ շարունակ համարվել է անհանգիստ Բալկանների համեմատաբար կայուն և բարեկեցիկ պետություններից մեկը, որը ներքաշված չէր 90-ականներին Հարավսլավիայի փլուզմանը հաջորդած արյունալի պատերազմների մեջ:

Եվ ահա, այդ պստիկ երկրում ի հայտ է եկել ծայրահեղ բարդ ճգնաժամ: «Մակեդոնիա, Մակեդոնիա, ընտրություններ» վանկարկելով «Միացյալ Մակեդոնիա» շարժման մոտ 200 դիմակավորված անդամներ՝ մկանուտ և լավ մարզված տղամարդիկ, ապրիլի 27-ին ներխուժել են խորհրդարան, ծեծուջարդ սարքել ու փշրել իրենց պատահած ամեն բան: Գրոհի արդյունքում կա առնվազն 77 վիրավոր, այդ թվում՝ երկու տասնյակ ոստիկան և մի քանի պատգամավոր:

Չորս անպտուղ արտահերթ ընտրություն

Լարվածությունն, ըստ էության, սկսվել է երկու տարի առաջ, երբ պարզվել է, որ վարչապետ Նիկոլա Գրուևսկին, ով Մակեդոնիայի «Ազգային միասնության դեմոկրատական կուսակցության» լիդերն էր, անվտանգության մարմիններին կարգադրել է հետևել մոտ 20 հազար մարդկանց՝ ընդդիմադիրների, լրագրողների, պետական այրերի, հոգևոր սպասավորների և հանրային գործիչների քաղաքական ակտիվությանը:

Սկանդալին հաջորդել են աննախադեպ հզոր ցույցեր, Անգամ Եվրամիությունն է միջնորդել կրքերը հանգստացնելու գործում: Գրուևսկին ստիպված հրաժարական է ներկայացրել: Դրանից հետո Մակեդոնիայում տեղի են ունեցել խորհրդարանի արտահերթ 4 ընտրություններ, բայց ոչ մի կուսակցություն չի հավաքել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ քվեներ:

Պատային իրավիճակ խորհրդարանում

Վերջին ընտրությունն անցյալ տարվա դեկտեմբերին էր, Գրուևսկու կուսակցությունը 120 տեղանոց Ազգային ժողովում ստացել է 541 տեղ, իսկ սոցիալ-դեմոկրատները՝ 49: Վերջիններս համաձայնության են եկել ալբանացիների հետ, խոստանալով նրանց տալ ավելի ընդարձակ իրավունքներ և ալբաներենը որոշ շրջաններում ընդունել որպես երկրորդ լեզու, հանգամանք, որը մինչ այդ ոչ պաշտոնապես արդեն վաղուց է գործել:

Ապրիլի 27-ին քվեարկությամբ խոսնակ է ընտրվել «Դեմոկրատական միություն հանուն ինտեգրման կուսակցության» անդամ, ծագումով ալբանացի Տալատ Ջուֆայրիին: Հենց հրապարակվել են քվեարկության արդյունքները՝ «Միացյալ Մակեդոնիան» հարձակվել է խորհրդարանի վրա:

Նախագահը «կործանարար» է համարում դաշինքն ալբանացիների հետ

Նախագահ Ջյորջե Իվանովը նույպես «Ազգային միասնության դեմոկրատական կուսակցությունից» է: Նա հրաժարվում է կառավարություն կազմելու մանդատ տալ սոցիալ-դեմոկրատներին և համոզված է, որ նրանց ու ալբանացիների դաշինքը կործանարար է Մակեդոնիայի համար:

Երկրի 2 միլիոն 100 հազար բնակիչների մեծամասնությունը՝ ավելի քան 70 տոկոսը, ծագումով սլավոն մակեդոնացիներ են, մոտ 25 տոկոսի էլ հասնում է ալբանացիների թիվը: Կան նաև սերբեր, խորվաթներ, թուրքեր, գնչուներ, բոսնիացիներ և այլազգիըների ուրշիշ փոքրիկ խմբեր:

Տակավին «վառոդի տակառ»

Փոքրիկ Մակեդոնիան հիմա բոլորի ուշադրության կենտրոնում է՝ մտահոգված են Սերբիան, Խորվաթիան, Չերնոգորիան, Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Եվրոպական միությունը, Ամերիկան:

Պատմաբանները զուր չեն Բալկաններն անվանել Եվրոպայում վառոդի տակառ, այդ տարածաշրջանում սկսվել են պատերազմներ, այդ թվում՝ Առաջին աշխարհամարտը:

Մակեդոնիան և Հունաստանն ունեն լուրջ վեճ, կռվախնձորը՝ երկրի անվանումն է: Հույները պնդում են, որ երկիրն անվանելով Македонија, մակեդոնացիները Հունաստանին ներկայացնում են պատմական, մշակութային և գուցե տարածքային պահանջներ: Հունաստանը հետևողականորեն պնդում է, որ կարգելափակի Մակեդոնիայի հավանական անդամակցումը ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը:

Այսօր Չերնոգորիան վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պակտը: Մոսկվան այդ բոլոր զարգացումները համարում է Արևմուտքի միջամտություն: Մինչդեռ, Արևմուտքում համոզված են, որ հենց Մոսկվան է հրահրում բողոքի ակցիաները Մակեդոնիայում և ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ ցույցերը Չերնոգորիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG