Մատչելիության հղումներ

Աշտարակցիները խուսափում են իրենց երեխաներին բուժել տեղի հիվանդանոցում


Armenia -- Inside a ward in Ashtarak hospital, April, 2017
Armenia -- Inside a ward in Ashtarak hospital, April, 2017

«Աշտարակ» բժշկական կենտրոնում ինֆեկցիոն ու մանկական բաժանմունքները զբաղեցնում են կիսաքանդ մասնաշենքերից մեկը՝ խոնավ պատերով ու առաստաղներով, պատուհանների կոտրված ապակիներով: Բժշկական սարքավորումներն այստեղ հիմնականում 30-ամյա վաղեմության են:

Շուրջ 30 համայնք սպասարկող այս բուժհիմնարկում տեսախցիկ տեսնելուն պես թաքնվում են, արգելում են նկարահանել հանրային բուժկենտրոնը ու տնօրենին տեղեկացնում՝ մեզ նկարում են:

Ամսական միջինը 180 մարդ ընդունող այս բուժհիմնարկի տնօրենը չի սիրում պատահական այցելուներին, հատկապես, երբ նրանք տեսախցիկով են: Մեր այցելության մասին տեղեկանալով եկավ ու հրահանգեց՝ անջատել «պրիբորները»:

Դեռ խորհրդային տարիներին կառուցված ու այժմ խարխուլ այս շենքում ինֆեկցիոն ու մանկական բաժանմունքները գործում են: Այդուհանդերձ, մեր այցելության պահին միայն մեկ ծնողի հանդիպեցինք՝ մանկահասակ երեխան գրկին: Այցելուներ կային միայն մասամբ վերանորոգված պոլիկլինիկայում:

«Այս ավերակներում հրաժարվում ենք մեր երեխաներին պառկեցնել, երկաթյա մահճակալների ճաղերի կեսը չկա, ծայրահեղ դեպքում ստուգման ենք բերում, լավագույն դեպքում՝ մայրաքաղաք հասնում», - «Ազատությանը» փոխանցեց ներկայանալ չցանկացող աշտարակցի մի ծնող՝ հավելելով, որ հիվանդանոցն ունի ընդամենը մեկ ինգալյատոր, իսկ ռենտգեն հետազոտության սարքավորում առհասարակ չունի․ - «Որտեղ որ սիստեմա են ստանում, շատ ահավոր վիճակում ա էդ սենյակը: Եթե երեխան մի հինգ օրով բուժում պետք ա ստանա, ծնողը, իհարկի, չի պառկացնում: Ամեն օր տանում են երեխային ծակում են, որովհետև եթե չես պառկեցնում կատետոր չի կարելի դնել: Ու միայն այն պատճառով, որ ծնողը չի կարողանում էդտեղ պառկել»:

Մեզ դժկամորեն ընդունած հիվանդանոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը համաձայնեց հարցազրույց տալ միայն այն ժամանակ, երբ մարզպետարանից նրան հորդորեցին խոսել: Տնօրենն ասաց, թե բարերարների օգնությամբ ու բյուջեյի սուղ միջոցներից կարողացել են հիվադանոցի մասնաշենքերից մի քանիսում մասնակի վերանորոգում իրականացնել:

Նրա խոսքով՝ Կառավարությունում տեղյակ են հատկապես մանկական ու ինֆեկցիոն բաժանմունքի անմխիթար վիճակի մասին:

Շենքը, ըստ նրա, հանձնված է պետգույքի կառավարման վարչությանը: Հիվանդանոցի 350 միլիոն դրամ տարեկան բյուջեի 80 տոկոսն աշխատավարձին է հատկացվում, և մի կերպ կարողնում են հոգալ դեղորայքի ու պահպանման ծախսերը: Հույս ունի, որ այս տարի կկարողանան հակահիգիենիկ վիճակում գտնվող ինֆեկցիոն ու մանկական բաժանմունքները տեղափոխել այլ մասնաշենք՝ եթե կարողանան հայթայթել պահանջվող 37 միլիոն դրամը: Բուժկենտրոնի բոլոր մասնաշենքերի վերանորոգման համար, տնօրենի փոխանցմամբ, մոտ 150 միլիոն դրամ է պետք, իսկ հիվանդանոցն այդ գումարը չունի: Ի պատասխան աշտարակցի ծնողի դժգոհությանը՝ ասաց, թե եղած անհրաժեշտ բուժսարքավորումները լիովին բավարար են, պարզապես հին են՝ անցած դարի 80-90-ականների արտադրության:

Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանի աշխատասենյակը նույնպես այս կիսախարխուլ շենքում էր: Պետրոսյանն ասաց, թե անմխիթար վիճակի պատճառը սուղ ֆինանսներ են ու հիվանդների արտահոսքը Երևան:

Արտոմ Պետրոսյանի խոսքով, ինքը վարչապետ Կարեն Կարապետյանին առաջարկել է կա՛մ հավատարմագրային կառավարման տալ, կա՛մ մասնավորեցնել բուժկենտրոնը: Պատկան ատյանների հետ հարցի շուրջ քննարկումներն այսօր էլ շարունակվում են, բայց վերջնական որոշում դեռ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG