Մատչելիության հղումներ

Փաստաբաններ Աթանեսյանն ու Սողոմոնյանը պնդում են, որ հարձակման են ենթարկվել իրենց գործընկերների կողմից


Արմեն Սողոմոնյանը դեպքից հետո, 27-ը ապրիլի, 2017թ.
Արմեն Սողոմոնյանը դեպքից հետո, 27-ը ապրիլի, 2017թ.

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի պնդմամբ, այսօր ժամը 15-ի սահմաններում Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը, Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը և ևս մեկ անձ ներխուժել են Աթանեսյանի գրասենյակ ու առանց որևէ խոսք ասելու հարձակվել իրենց վրա։

Սողոմոնյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ իրեն բութ առարկայով հարվածել են, նա դեմքին վնասվածք ունի, իսկ Աթանեսյանն ասաց, որ իրեն փորձել են խեղդել, իսկ երբ ցանկացել է դրսից օգնություն կանչել, հարձակում գործած չորս անձինք փախուստի են դիմել։

Փաստաբանների պնդմամբ, նախնական որևէ վեճ իրենք վերոնշյալ անձանց հետ չեն ունեցել։ Աթանեսյանն ու Սողոմոնյանը տեղի ունեցածը խուլիգանություն են որակում և այն կապում են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ, քանի որ, ըստ իրենց, այս անձինք «հենց նրա ղեկավարությամբ են գործում և ինքնուրույն չէին կարող նման բան անել»։

Փաստաբանները դիմել են ոստիկանություն։ Ոստիկանները ժամանել են գրասենյակ։

Փաստաբանների պալատի նախագահն ու միջադեպի հետ կապված անձինք չցանկացան հանդիպել լրագրողների հետ, փոխարենը պալատի խոսնակ Ծովինար Խաչատրյան ասաց, որ այս պահին դեպքի հետ կապված ուսումնասիրություն են իրականացնում և կխոսեն ուսումնասիրությունն ավարտելուց հետո։

Խաչատրյանի փոխանցմամբ, Փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն և գտնում է, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG