Ազդարարելով բանակցությունների պաշտոնական մեկնարկը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր վստահեցրեց՝ օդային փոխադրումների մասին համաձայնագիրը կստեղծի ավելի ուժեղ կամուրջ Հայաստանի և արտաքին աշխարհի, հատկապես՝ Եվրոպայի միջև:
«Հայաստանը կշահի արտաքին աշխարհի հետ ավելի ամուր կապից: Դեպի ծով ելք չունեցող և, ցավոք սրտի, դեռ երկու փակ սահման ունեցող երկրի համար Եվրոպայի, արտաքին աշխարհի հետ նման ամուր կապ ունենալն առաջնային կարևորություն ունի»,- ասաց ԵՄ դեսպանը:
Համաձայնագրով Հայաստանը պարտավորվելու է ներդնել ավիացիայի վերաբերյալ Եվրամիությունում գործող պահանջներն ու կարգավորումները: Այսօր Երևանում մեկնարկած բանակցություններում Հայաստանը ներկայացնող խումբը ղեկավարում է քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Լրագրողների հետ զրույցում նա կարևորեց հանգամանքը, որ համաձայնագրով միանգամից կարգավորվելու և ազատականացվելու է Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ հարաբերությունների դաշտը:
«Ըստ էության, այս ամենը բերելու է մրցակցության ավելացմանը, ավիաընկերությունների ակտիվացման շնորհիվ: Դա էլ, իր հերթին, բերելու է աշխարհագրական դիվերսիֆիկացիայի, տոմսերի գների անկմանը, որակի ավելացմանը: Ես կածում եմ՝ բոլոր այս սպեկտրներով մեր ուղևորներն իրենց վրա կզգան առարկայական արդյունքները»,- ասաց Քաղավիացիայի վարչության պետը:
Եվրամիության բանակցային խումբը ղեկավարող Կլաուս Գեյլն էլ ասաց, որ մի քանի եվրոպական ավիափոխադրողներ արդեն սպասում են Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագրի ստորագրմանը: «Մենք չենք կարող ստիպել ավիափոխադրողներին՝ մուտք գործել շուկա, բայց կարող ենք ստեղծել կարգավորումների այնպիսի շրջանակ, որը կնպաստի ավիաընկերությունների՝ շուկա մուտք գործելուն:
Այսօր կան որոշ սահմանափակումներ՝ նախատեսված Հայաստանի և ԵՄ անդամ երկրների երկկողմ համաձայնագրերով: Ես վստահ եմ, որ այս համաձայնագիրը շուկայում նոր ակտիվություն կբերի: Մենք տեղյակ ենք, որ մի քանի եվրոպական ավիափոխադրողներ հետաքրքրված են այս շուկա մուտք գործելով և նրանք սպասում են այս համաձայնագրի վերջնականացմանը, ինչը կստեղծի հենք, որպեսզի նրանք ներդրումներ անեն և ծառայություններ առաջարկեն»,- ասաց Կլաուս Գեյլը: ԵՄ բանագնացը նաև նշեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը «գուցե» եվրոպացի փոխադրողների համար տարածաշրջանում դառնա տրանզիտային կետ՝ այլ երկրների հետ կապ ապահովելու համար:
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ հույս հայտնեց, որ նոր համաձայնագիրը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: «Ես Հայաստանի, որպես զբոսաշրջային ուղղության, մեծ երկրպագուն եմ: Ես Հայաստանը համարում եմ Եվրոպայի ամենագեղեցիկ անկյուններից ու դեռ չբացահայտված զարդերից մեկը: Հույս ունեմ, որ այս համաձայնագրի միջոցով ավելի շատ եվրոպացիներ կկարողանան բացահայտել Հայաստանի գեղեցկությունը»,- ասաց Հայաստանում ԵՄ դեսպանը:
Հայաստանի Քաղավիացիայի վարչության ղեկավարն ասաց նաև, որ Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վերաբերյալ աշխատանքները սկսվել են դեռ 2014 թվականից: Չնշելով հստակ ժամկետներ՝ նա վստահեցրեց, որ վերջնական ստորագրումը «հեռու չէ»: