Մատչելիության հղումներ

Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու գլխավոր արգելքը վերացված է


Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ 18 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի համար Ռուսաստանում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը կարող է փոխանցվել Հայաստանին:

Մահացածների հարազատները պահանջում էին փոխհատուցում, որը Հարությունյանի ընտանիքն ի վիճակի չէր վճարել։ Իրենց անունները ու նաև վճարված գումարի չափը հրապարակել չցանկացող բարերարները հոգացել են փոխհատուցման ծախսերը։ Սա համարվում էր հայաստանի քաղաքացի Հարությունյանին հայրենիք փոխանցելու գլխավոր խոչընդոտը, որը թեև վերացվել է, բայց Հրաչյա Հարությունյանի փոխանցման որոշում դեռ չկա, «Ազատությանը» հայտնեց Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը։

«Փոխանցման վերաբերյալ որոշումը կայացվում է համապատասխան փաստաթղթերը ստանալուց, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի՝ տվյալ դեպքում արդարադատության նախարարի որոշումը կայացնելուց և համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո՝ դատական կարգով», - մանրամասնեց նա:

Հրաչյա Հարությունյանի հետ կատարվածը հատկապես մեծ արձագանք ստացավ, երբ հրապարակվեցին կադրեր, որոնցում երևում էր, որ Ռուսաստանի իրավապահները վթարից հետո բեռնատարի հայազգի վարորդին հիվանդանոցից դատարան էին տեղափոխել կանացի խալաթով։ Հայաստանյան հանրությունը դա մեկնաբանեց որպես քաղաքացուն նվաստացնելու փորձ։

Մինչ արդարադատության նախարարության պաշտոնյան պնդում է, որ նպատակը մարդուն իրեն հարազատ սոցիալական միջավայր տեղափոխելն է, Հրաչյա Հարությունյանի հարազատները հույս ունեն, որ Հայաստան բերվելուց հետո նրան ազատ կարձակեն։

Հարությունյանի աներն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պայքարելու են Հրաչյայի ազատ արձակման համար։ Վիկտոր Մարտիրոսյանը համոզված է, որ դրա համար հիմքեր կան․ - «Ինքը ազատամարտիկ է, բավականին էլ մեդալներ ունի: Իր շքանշաններից մեկի մեջ գրված է՝ եթե չի կատարել պետական հեղաշրջում, մարդասպանություն, ուրեմն չի մտնում այդ հոդվածի տակ, բայց քանի որ իր մոտ դժբախտ դեպք է, դրա հիման վրա էլ ինքը պետք է ազատվի հենց օդանավակայանից»:

Արդարադատության նախարարության պաշտոնյան շեշտում է՝ Հրաչյա Հարությունյանի շքանշանների մասին տեղեկություն հարազատները նախարարությանը չեն փոխանցել, իսկ հարազատների փաստարկներին հարցով է պատասխանում․ - «Իսկ Հայաստանի Հանրապետությունում նման հանցագործություն կատարելու դեպքում անձը կազատվե՞ր պատասխանատվությունից: Դա համարվում է և՛ Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի արարք, և՛ Ռուսաստանի Դաշնությունում, և դատապարտյալի փոխանցումն իրականացվում է հենց դա հաշվի առնելով»:

Հարազատները նշում են նաև Հրաչյա Հարությունյանի առողջական վատ վիճակի մասին՝ և ևս համարելով ազատ արձակելու հնարավոր պատճառ:

«Պրոբլեմներ ունի՝ ողնաշարի, սրտի: Հիմա թևի տակ ճարպագունդ կա անմիջապես սրտի ուղղությամբ», - ամուսնու հիվանդություններն է թվարկում Անահիտ Մարտիրոսյանը։

Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետը հակադարձում է՝ Հայաստան տեղափոխվելուց հետո դատապարտյալը կենթարկվի հետազոտման, կցուցաբերվի անհրաժեշտ բուժօգնություն։

Հրաչյա Հարությունյանը մոտ 4 տարի է՝ պատիժը կրում է Ռուսաստանի Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում: Հայաստան տեղափոխվելու դեպքում, ըստ դատավճռի, նա անազատության մեջ կմնա մինչև 2020 թվականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG