Մատչելիության հղումներ

«Կոնգրես-ՀԺԿ»-ի դիմումը, ըստ ԿԸՀ նախագահի, հիմնված է «կամայական մեկնաբանությունների վրա»


Սահմանադրական դատարանում այսօր պատասխանող կողմը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է ներկայացնում իր փաստարկները:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին վերաբերող Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը հիմնազուրկ է՝ փաստարկելով, թե զուտ ընթացակարգային խախտումները ոչ մի դեպքում չպետք է հանգեցնեն քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն:

«Ճնշումների, ընտրակաշառքի բաժանման և քվեարկության գաղտնիության խախտման այս եռակցությամբ, որոնք բոլորը կրել են համակարգային, զանգվածային և համատարած բնույթ, և կատարվել են պետական իշխանության լծակների ապօրինի կիրառմամբ, Հանրապետական կուսակցությունը խափանել է ժողովրդի կամքի ազատ ձևավորումը և արտահայտումը և ձևավորել է Ազգային ժողովի կազմ, որը նախապես նախագծվել է իշխող կուսակցության կողմից», - ՍԴ-ում երեկ հայտարարել էր ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը:

«Պատասխանող կողմը հակված է պնդելու, որ ներկայացված դատողությունները խիստ սուբյեկտիվ բնույթ են կրում, հիմնված են բացառապես դիմողի կամայական մեկնաբանությունների, իրականության հետ որևէ աղերս չունեցող դատողությունների վրա, իսկ իբրև ապացույց ներկայացված թղթակցություններից և որևէ մեկը չունի առաջնային նշանակություն: Դրանք ուրիշի պատմածը, ի դեպ անգամ պատմելու հանգամանքն է խիստ անհավանական, այլ անձանց կողմից վերարտադրության արդյունք են: Միանշանակ պատասխանող կողմը մերժում է ներկայացված դիմումն ամբողջությամբ և գտնում է, որ ընտրության արդյունքները լիարժեք համապատասխանում են իրականությանը, և չկան հանգամանքներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա: Ուստիև խնդրում եմ դիմումը համարել ակնհայտ անհիմն», - նշեց Մուկուչյանը։

Խորհրդարանական ընտրությունների մասնակիցներից բարձր դատարանում միայն «Կոնգրես-ՀԺԿ»-ն է վիճարկում ընտրությունների արդյունքները: Ընդդիմադիր դաշինքի դիմումում անդրադարձ կա նաև Իրազեկ քաղաքացիների միավորման հրապարակած ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ կազմող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների աղմկահարույց ձայնագրությանը: Դաշինքը գտնում է, որ դրանում վարչական ռեսուրսի չարաշահման ակնհայտ տարրեր կան, իսկ դատախազությունն ու ԿԸՀ-ն ուղղակի պարտակել են հանցագործությունը:

114 ձայնագրություններից որևէ մեկում, հիշեցնեմ, իրավապահները քրեական գործի հիմք չտեսան:

Մուկուչյանն այսօր սոսկ հպանցիկ անդրադարձավ այդ ձայնագրություններին՝ նկատելով, թե դրանք ներկայացնելը տպավորություն գործելու նպատակ են հետապնդել:

«Այս վարույթի առումով նշված նյութերը, կարծում ենք, ևս որևէ նշանակություն չունեն, քանզի վիճարկման առարկան «Ելք» կուսակցությունների դաշինքի դիմումով ընդունված որոշման իրավաչափության հարցը չէ: Ավելին, այդ նյութերը որևէ առնչություն չունեն դիմումատուի հետ, և դրանք կից ներկայացնելը բացառապես հետապնդում է տպավորություն գործելու՝ կարծում եմ արդեն չստացված նպատակ», - ասաց Մուկուչյանը:

Նա չանդրադարձավ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումում ներառված «ՍԱՍ գրուպի» հայտնի ձայնագրությանը, թեև նա հիմնականում կետ առ կետ հակադարձում էր դիմողների պնդումներին: Խոսելով այդ ձայնագրության մասին՝ Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարել էր, թե ՀՀԿ թեկնածուները համատարած հարկադրել են քաղաքացիներին իրենց օգտին քվեարկել:

Այդ առնչությամբ Մուկուչյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Անդրադարձ չենք կատարել, որովհետև գտել ենք, որ դա այն հանգամանքը չէ, որ այս վարույթի շրջանակներում կարող է լուրջ, էական փաստական հանգամանք դիտվել: Բայց մենք անդրադարձանք բազմաթիվ փաստերի, որը լիարժեք ծավալով ցույց տվեց, թե ինչ դիմում է ներկայացված Սահմանադրական դատարան»:

Դիտարկմանը, թե դիմամատուի կարծիքով, դա կարող է տարածվել նաև սեփականություն ունեցող մյուս թեկնածուների վրա, նրանք նույնպես կարող էին ճնշում գործադրել իրենց աշխատակիցների վրա, Մուկուչյանն արձագանքեց․ - «Դիմումատուն ամեն հարցադրման վերաբերյալ էլ ունի իր դիրքորոշումը, իր մոտեցումը, իր տեսակետը: Դուք լսեցիք երկու կողմի խոսքն էլ․ դրանք, բնական է, կարող են նաև չհամընկնել և չեն էլ համընկնում մեր տեսակետի հետ: Հետևաբար բնավ անհրաժեշտ չէ, որպեսզի ես կիսեմ դիմումատուի այդ կարծիքները: Այդ կարծիքները ենթադրություններ են, իսկ դրանք երբևէ դատարանում չեն կարող հիմք հանդիսանալ դատողություններ իրականացնելու համար»:

ԿԸՀ նախագահը այսօր հարկ համարեց խոսել նաև «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի այն պնդման մասին, թե ընտրական հանձնաժողովների ղեկավարները խոչընդոտել են դիտորդների աշխատանքը․ - «Դիտորդներին անգամ եղել են դեպքեր, երբ որ սուրճ են տրամադրել, երբեմն էլ դիտորդին աշխատանքը ավարտելուց հետո, որովհետև մնացել էր մինչև օրվա ավարտ, մեքենայով տուն են ուղեկցել, և որևէ խոչընդոտ դիտորդների համար չի ստեղծվել»:

Մուկուչյանը նաև պնդեց․ - «Դիմումատուի ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 119 թեկնածու, ունեցել է 1688 վստահված անձ, նշանակված է եղել 1897 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, ունեցել է երեք լիազոր ներկայացուցիչ ԿԸՀ-ում․․․ Եվ այդ 3707 անձանց անունից սույն դիմումում առկա չէ որևէ փաստաթուղթ, որևէ վկայակոչում, որևէ խախտման փաստի արձանագրում, որևէ հատուկ կարծիք, որևէ ըստ էության դիմում-բողոք, եզակի դեպքերը մոռանանք, և ընդհանրապես որևէ բան»:

Հարց ու պատասխանի ժամանակ բանավեճի բռնվեցին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն ու ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Բիշարյանն ասաց․ - «Դիմող կողմը իր բացատրություններում իրավապահ մարմիններին, այդ թվում դատախազությանը, մեղադրեց անգործության մեջ: Դրա համար ընդամենը ուզում եմ հասկանալ այն հարցի պատասխանը, թե ինչու դիմողը չի օգտվել իրավական այն հնարավորությունից, որը ընձեռված էր՝ տալ սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում, ընդգրկվել որպես քրեադատավարական հարաբերությունների սուբյեկտ և օգտվել այդ որոշումները բողոքարկելու իրավունքից»:

Զուրաբյանն արձագանքեց․ - «Դատախազության գործառույթները անպայման գործի չեն դրվում միայն մեր դիմումների հիման վրա: Օրինականությունը պաշտպանելու համար նա ունի բազմաթիվ այլ միջոցներ, մասնավորապես՝ մամուլում եղած հրապարակումները: Երբ որ մամուլում եղել են հրապարակումներ և դուք դրանց պատշաճ վերաբերմունք չեք ցույց տալիս, դա խոսում է ձեր հանցավոր անգործության մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG