Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք համարում են լեգիտիմ ապրիլի 2-ի ընտրությունները, «մաս են կազմում կազմակերպված հանցագործության», - «Ազատության» հետ զրույցում ասաց 5-րդ գումարման Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը։
Նշենք, որ դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։
Հիշեցնենք, հանձնաժողովը մերժել էր դաշինքի դիմումը՝ ասելով, թե «իրավական հիմքեր չեն ներկայացվել. թվարկված խախտումներից շատերը կրկնվում են, մի մասն էլ խոսում է ոչ թե խախտումների, այլ դրանց բացակայության մասին»։
Երեկվանից Սահմանադրական դատարանը քննում է դաշինքի դիմումը։
«Ազատություն». - Պարոն Մանուկյան, դուք վստահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք Սահմանադրական դատարանի անաչառությանը։
Մանուկյան. - Ո՛չ, բնականաբար։ Առաջին անգամը չէ, մենք վերջին բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկել ենք և միակ ուժն ենք, որ վիճարկել ենք բոլոր արդյունքները։ Մենք չենք համարում սա լեգիտիմ իշխանություն, լեգիտիմ ընտրություններ, և բողոքարկում ենք, վիճարկում ենք։ Փաստերն առավել քան համոզիչ են, դրանք ծավալուն են, համատարած են, զանգվածային են՝ պետական միջոցներով, պետության հնարավորություններով և օղակներով կազմակերպված։ Ի՞նչ է տեղի ունեցել ընդհանրական առումով՝ մասսայական, զանգվածաբար կաշառք տալ քաղաքացիներին, նրանց պարտադրել տեղամասում գնալ քվեարկել և վերահսկել տեղամասում նրանց քվեարկությանը։ Այսինքն՝ այս երեք քայլը իրար հետ է, որ կարողացել է ամբողջական դառնալ, և քաղաքացին այս երեք քայլի արանքներում և ընթացքում զրկվել է ամբողջապես ազատությունից։
Ներկայացրեցինք և դեռ կներկայացվի ամբողջ մամուլին, ամբողջ հասարակությանը, միջազգային կառույցներին այն շարքը, այն ամբողջականությունը, թե ինչ է տեղի ունեցել իրականում, այն միջազգային կառույցներին, որոնք կփորձեն հայտարարել «քայլ առաջ» էս ընտրությունները: Եվ նաև կհիմնավորենք, որ մենք իսկապես ճիշտ ենք, և բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք համարում են լեգիտիմ էս ընտրությունները, իրենք մաս են կազմում էս կազմակերպված հանցագործության, որովհետև իրենք բոլորն էլ գիտեն, բոլորն էլ մասնակից են եղել, բոլորն էլ վկա են եղել, թե ինչ է կատարվել Հայաստանում ապրիլի 2-ին, և սրա մասին չխոսել՝ նշանակում է կոծկել հանցագործությունը, մաս կազմել։
Հետո այսպիսի մի բան ասենք՝ իշխանությունն անցավ ավելի ավտորիտար մեթոդի, իրա դեմքը բացվեց, հանցագործ դեմքն ավելի բացվեց, ինքը դարձավ Իրաք, Աֆղանստան, Թուրքմենստան, Կորեա, հաջորդ քայլն է լինելու ազգովի լաց լինելը։ Իրենք 96-տոկոսանոց, 100-տոկոսանոց քվեարկության արդյունքներով անիծեցին պառլամենտարիզմի գաղափարը Հայաստանում, և դրա համար է, որ Լևոն Զուրաբյանը Սահմանադրական դատարանում ասեց՝ «եթե մարդուն ընտրելու հնարավորություն չես տալիս, եթե խորհրդարան ստեղծելու հնարավորություն չես տալիս, մարդը ի՞նչ պետք է անի, փուքսը որտե՞ղ է թողնելու՝ հրապարակ»։
«Ազատություն». - Պարոն Զուրաբյանն ավելի սուր զգուշացրեց, որ «եթե դու մարդկանց, քաղաքացիներին ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու հնարավորություն չես տալիս, ապա որքան էլ որ մենք ասենք, որ դեմ ենք զինված ապստամբություններին, դա կանխելը անհնար է լինելու»։
Մանուկյան. - Քաղաքականությունը օրենքների է ենթարկվում, և դա նման է բնության օրենքներին։ Մի տեղ եթե կաթսայի մեջ էներգիա կա, և այդ էներգիան չես թողնում դուրս գա քաղաքակիրթ ձևով, իսկ քաղաքակիրթ ձևը ժողովրդական հասարակություններում միտինգներն են, ցույցերն են, պառլամենտն է, պառլամենտի խորհրդարանական խոսափողն է, որով դու արտահայտում ես, վիճում ես, քննարկում ես։
«Ազատություն». - Հարկադրված ընտրության գնացող քաղաքացին զինված ապստամբության պատրա՞ստ է լինելու։
Մանուկյան. - Բայց էդ կաթսան էլ մի օր պայթելու է․․․
Հարցազրույց ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ․