Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Համահայկական նվագախմբի անդրանիկ համերգը


Համահայկական նվագախումբն իր գործունեությունն սկսեց երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում Հայոց ցեղասպանության և ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված համերգով:

Ի դեպ հենց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին էր նվիրված Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» խորագրով նոր ստեղծագործությունը, որը երեկ երկոյան տեղի ունեցած համերգի ընթացքում հնչեց առաջին անգամ:

Համերգի ծրագիրը բաղկացած էր բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից․ հնչեցին Արամ Խաչատրյանի, Բարսեղ Կանաչյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի և այլոց ստեղծագործությունները:

Համահայկական նվագախմբի կազմում ընդգրկվել են 90 հայ երաժիշտներ, որոնցից 70-ը հրավիրվել են աշխարհի ավելի քան 20 երկրներից: Նրանց մեծ մասը, ի դեպ, հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր նվագախմբերում:

«Ազատության» հետ զրույցում նրանք ընդգծում էին, որ այսպիսով իրենք էլ են դառնում մեր հայրենիքի մի մասնիկը, թեև ապրում են այլ երկրներում:

«Այլևս միանանք և մի մարմին լինենք ու բոլորս միասին այստեղ ցույց տանք, որ մեզ ոչ ոք այստեղ չի կարող անջատել», - ասաց Բոխումի (Գերմանիա) սիմֆոնիկ նվագախմբի առաջին ալտ Լուիզա Սպան-Սարգսյանը:

Պորտուգալիայում բնակվող ջութակահարուհի Նարինե Դելալյանն ասաց․ - «Երբ ստացա այս հրավերը, մեծ ոգևորությամբ, մեծ հուզմունքով ընդունեցի այս հրավերը: 102 տարի հետո այս մեծ համերգով մենք, կարծում եմ, ևս մեկ անգամ պետք է նշենք մեր հաղթանակը, մեր պատմության մեջ եղած այդ արհավիրքից հետո, երբ մենք 102 տարի հետո կան, պիտի լինենք և, Աստված տա, շատանանք»:

Հավելենք նաև, որ երեկ երեկոյան տեղի ունեցած Համահայկական նվագախմբի առաջին համերգը միմյանց փոխարինելով ղեկավարում էին մեր լավագույն դիրիժորները՝ Հովհաննես Չեքիջյանը, Կոնստանդին Օրբելյանը, Էդվարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը և այլք:

Նվագախմբի հիմնական դիրիժորներից Էդվարդ Թոփչայնն ասաց․ - «Սկզբից շատ դժվար իրագործելի էր թվում այս գաղափարը, բայց հիանալի է հիմա: Մեր մտածմունքը արդեն նա է, որ կարողանանք լավ համերգ անել»։

«Մենք հավաքվել ենք շատ կարճ ժամանակահատվածում, և պատկերացրեք ինչքան տաղանդ և էներգիա պետք է դրվի, որ այդ կարճ ժամանակահատվածում ասել, որ հնարավոր է ունենալ արդյունք: Բայց այդ արդյունքը ունենալուց հետո պետք է այդ արդյունքը զարգացնել»:

Համերգին մասնակցում էին նաև մեր լավագույն մենակատարներից Հասմիկ Պապյանը, Հասմիկ Թորոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը և ուրիշները:

Նախատեսված , որ Համահայկական նվագախումբը տարվա ընթացքում հանդես կգա նաև այլ երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG