Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ նստաշրջանում կոշտ քննադատություն հնչեց Պեդրո Ագրամունտի հասցեին


ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտ, արխիվ
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտ, արխիվ

Պատգամավորների զայրույթի պատճառը ԵԽԽՎ նախագահի այցն է Սիրիա։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը՝ հերթական սկանդալի կենտրոնում այս անգամ, սակայն, ոչ թե ադրբեջանցի, այլ ռուս բարեկամների պատճառով։

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը մեկնարկեց Ագրամունտի հասցեին կոշտ քննադատական ելույթներով։ Պատգամավորների զայրույթի պատճառը Եվրոպայի խորհրդի օրենսդիր մարմինը գլխավորող անձի այցն է Սիրիա, որը տեղի էր ունեցել մարտին։

Մոսկվայի աջակցությամբ, ռուսաստանցի պատգամավորների ուղեկցությամբ, Ագրամունտը Մոսկվայից մեկնել էր Սիրիա, այցելել ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազա, որից հետո հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։

ԵԽԽՎ պատգամավորները պարզաբանումներ, ոմանք նույնիսկ հրաժարական են պահանջում Ագրամունտից՝ պնդելով, որ Սիրիա այցելությամբ, եվրոպացի քաղաքական գործիչը լեգիտիմացնում է Կրեմլի գործողությունները այդ երկրում, բացի այդ, հարյուր հազարավոր մարդկանց մահվան մեջ մեղադրվող Ասադի ձեռքը սեղմում։ «Ագրամունտը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր քայլերի համար», - հայտարարել են պատգամավորները։

Իր քաղաքական գործունեության ընթացքում տարբեր սկանդալների հերոս դարձած Ագրամունտը ստիպված եղավ ներողություն հայցել, նշելով, որ այցելությունը սխալ էր։

«Այդ սխալը կայանում է նրանում, որ ես թերագնահատել եմ այցի շուրջ հնարավոր արձագանքը», - արդարացել է ԵԽԽՎ նախագահը, ապա ռուսական լրատվամիջոցներին մեղադրել իր այցն իրենց նպատակներին ծառայեցնելու համար։

Այս բացատրությունները, սակայն, չեն գոհացրել ԵԽԽՎ պատգամավորներին: «Արդարացումները համոզիչ չեն», - արձագանքել է պատգամավորներից մեկը, պնդելով, որ սիրիական ճամփորդության հարցը պետք է քննարկվի նիստի ընթացքում։

Ագրամունտն իր հերթին փորձել է համոզել գործընկերներին հարցը քննարկել ԵԽԽՎ բյուրոյում՝ լիագումար նիստի փոխարեն, մինչդեռ պատվիրակները չընդառաջեցին, ավելին՝ վերջնագիր ներկայացրին նրան։ «Կամ համաձայնում եք և լսումների ընթացքում ներկայացնում այցի մանրամասները կամ իսկույն անվստահության հարց է դրվում», - հայտարարել են պատգամավորները։

Այս հայտարարություններն այնքան կոշտ էին և կտրուկ, որ Ագրամունտը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո այդպես էլ չվերադարձավ նիստերի դահլիճ։

Իսպանացի քաղաքական գործիչ Պեդրո Ագրամունտը, հիշեցնենք, Պաշտոնական Բաքվի վաղեմի բարեկամներից է։ Ալիևների հետ նրա բարեկամությունը սկսել է տարիներ առաջ, երբ Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համազեկուցող նշանակվեց: Նրա գործունեությունն ադրբեջանցի իրավապաշտպանների շրջանում մեծ դժգոհություն էր հարուցել. Ագրամունտին մեղադրում են Ադրբեջանում տիրող իրավիճակը քողարկելու մեջ, ինչն արել է իշխող ընտանիքից ստացած թանկարժեք նվերների դիմաց։

Անցյալ ամիս նրան նաև սուր քննադատել էր ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, երբ հայտնի դարձավ, որ Իտալացի պատգամավոր Վոլոնտեի՝ Ադրբեջանից միլիոնավոր դոլարների կաշառք վերցնելու հարցով հետաքննությունը Ագրամունտի շնորհիվ չի իրականացվի՝ Պեդրո Ագրամունտը մերժել էր առաջարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG