Մատչելիության հղումներ

«Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի Թուրքիայի հետ գործ կունենանք»


Ալեքսանդր Արզումանյան, Երևան, 24-ը ապրիլի, 2017 թ․
Ալեքսանդր Արզումանյան, Երևան, 24-ը ապրիլի, 2017 թ․

Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները փորձագետներին հույս չեն ներշնչում, թե մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց կարող է արձանագրվել:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, ներկայումս բոլորը սպասողական վիճակում են. դեռևս պարզ չէ, թե ինչպիսի Թուրքիայի հետ գործ կունենանք ապագայում:

«Պետք է սպասել ու տեսնել՝ Թուրքիայի այսօրվա սուլթանի նկրտումներ ունեցող Էրդողանն այս փոփոխություններից հետո ի՞նչ արտաքին քաղաքականություն կորդեգրի, արդեն իսկ բավարարվա՞ծ է նա լիազորությունների այդ լայն շրջանակով և կկարողանա ավելի կոնստրուկտիվ դաշտում գործել, թե՞ ավելի է սրելու իրավիճակն ու Թուրքիան հետ տանելու ժողովրդավարության ճանապարհից»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արզումանյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ազդակներ ի հայտ գան, հաշվի առնելով նաև հանգամանքը, որ հայկական կողմն իր ստորագրությունը 2009 թվականին ստորագրված հայտնի արձանագրություններից ետ չի կանչել, նախկին արտգործնախարարը պատասխանեց․ «Իրոք, բոլորը սպասողական վիճակում են, դեռևս պարզ չէ, թե ինչ Թուրքիայի հետ գործ կունենանք: Այն քաոսը, որն այսօր կա Թուրքիայի ներքաղաքական կյանքում, երբ այդ հեղաշրջման փորձից հետո հազարավոր մարդիկ նետվեցին բանտեր, վիճակը մարդու իրավունքների առումով Թուրքիայում աննախադեպ ծանրացավ, և այն մարտահրավերները, որ Էրդողանը նետում է ամբողջ աշխարհին․․․ փաստորեն, ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ այսօր սրված հարաբերություններ ունի: Պետք է հասկանալ, թե ինչպիսի ապագա է նա պատկերացնում, ինչ հարաբերություններ կլինեն ԵՄ-ի հետ․․․»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին փորձը ևս անհաջողությամբ ավարտվեց: Նախ՝ 2008-ի հուլիսի 5-ին նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի իր պաշտոնակցին՝ նախագահ Աբդուլա Գյուլին հրավիրեց Երևան՝ աշխարհի գավաթի մրցավեճում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների նախընտրական խաղը դիտելու: Գյուլն ընդունեց հրավերը և սեպտեմբերի 6-ին ժամանեց Երևան, իր հերթին, Սերժ Սարգսյանին հրավիրելով Թուրքիա: Այդ կերպ հիմք դրվեց, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտությանը:

2009-ի հոկտեմբերի 10-ին, դրամատիկ բանակցություններից հետո, Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի սրահում, ի վերջո, Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները: 2010-ի փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը վավերացնելու նպատակով այն ուղարկեց Ազգային ժողով։ Սարգսյանը շեշտեց, որ արձանագրությունների վավերացման տապալումը Հայաստանում բացառվում է։

Արձանագրությունների ստորագրումից հետո, սակայն, պաշտոնական Անկարան սկսեց նախապայմաններ առաջադրել, արձանագրությունների վավերացումը կապելով Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Պաշտոնական Երևանը, մինչդեռ, հակադարձում էր՝ արձանագրություններում որևէ նախապայման նշված չէ:

Արդյունքում՝ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցից 2 օր առաջ, 2010-ի ապրիլի 22-ին, Հայաստանի իշխանությունները որոշում կայացրեցին՝ առկախել արձանագրությունների վավերացման գործընթացը: «Մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Թուրքիան պատրաստ չէ՝ սկսած գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել: Եվ այս պահից սկսած հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված»,- այն ժամանակ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա այս ելույթից 5 տարի անց, Սարգսյանի հրամանագրով, հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանը Ազգային ժողովից ետ կանչվեցին: Իսկ հետագայում՝ արդեն Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանը վերահաստատեց՝ «Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն միայն այն բանից հետո, երբ հանգուցալուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը»:

Արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ հայկական կողմն առաջիկայում կարող է նոր նախաձեռնությամբ հանդես գալ: Հայաստանի նախկին արտգործնախարար, հայ-թուրքական հաշտեցման երբեմնի հանձնաժողովի նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը դա քիչ հավանական է համարում․ «Ամբողջ քաղաքակիրթ աշխարհին պատերազմ է հայտարարում, տեսնենք, հասկանանք՝ ինչ է ուզում: Այս պահին մենք նախաձեռնելու որևէ բան չունենք, մենք բոլոր նախաձեռնություններն արել ենք: Հիմա սպասենք, տեսնենք որքանով ադեկվատ արտաքին քաղաքականություն կվարի [Թուրքիայի] նոր ադմինիստրացիան»,- ասաց Հայաստանի նախկին արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG