Մատչելիության հղումներ

«Արցախյան հերոսամարտը վկայությունն է, որ նոր Ցեղասպանություն մենք թույլ չենք տալու»․ Սերժ Սարգսյան


Այս ամենամյա երթը՝ երթն է վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որ ի կատար ածվեց բացառիկ, մինչ այդ չտեսնված դաժանությամբ և հետևողականությամբ», - նշել է Սարգսյանը՝ շարունակելով․ - «Հայության նյութական, մշակութային և քաղաքական կորուստներն անչափելի են, բայց ամենամեծ կորուստը մարդիկ են, որոնք կրողն էին հինավուրց, հարուստ և ինքնատիպ քաղաքակրթության»:

Ըստ Հայաստանի նախագահի՝ այժմ ապրողների պարտքն է ոչ միայն հիշել ու հարգել նահատակներին, այլև ապրել, աշխատել ու պայքարել կրկնակի ավյունով՝ նաև նրանց փոխարեն՝ հավատալով բարուն, մարդկայնությանը և արդարությանը:

«Արցախյան հերոսամարտը վկայությունն է և ապացույցը, որ նոր Ցեղասպանություն մենք թույլ չենք տալու», - ասել է Սերժ Սարգսյանը, և ընդգծելով, որ Հայոց պետականության վերականգնումը հայրենի հողի վրա իրականություն դարձավ վերապրող ժողովրդի զավակների շնորհիվ, շարունակել է․ - «Այս ընթացքում մենք աշխարհին պարգևեցինք ստեղծագործ մտքի հանճարների մի ամբողջ աստղաբույլ: Այո՛, 1915-ին մենք հայտնվեցինք դժոխքում, բայց եթե դեպի կյանք վերադառնալու ճանապարհին մենք մեր մեջ ուժ ենք գտել նման մեծագործությունների, ապա անկախ պետականության պայմաններում՝ 21-րդ դարում, ի զորու կլինենք անելու ավելին»:

Սերժ Սարգսյանն այսօր առաջին տիկնոջ և բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Անմար կրակի մոտ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը Բարեխոսական կարգ է կատարել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը հուշահամալիրի մոտ սպասող լրագրողների հետ չի շփվել, իսկ Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովն ասաց, որ էրդողանի իշխանության օրոք Թուրքիան է՛լ ավելի է խորացրել իր ժխտողական քաղաքականությունը: - «Բնականաբար, այսօր մշուշոտ է նմանատիպ հարևանի հետ փորձել խոսել հաշտության լեզվով և ակնկալել, որ Էրդողանի վարչակարգը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կարող է ունենալ նման խիզախություն՝ առերեսվել սեփական պատմության հետ, բայց ի հակառակ դրա և հանուն մարդու իրավունքների պաշտպանության, մենք տեսնում ենք, որ աշխարհում ավելանում են և՛ երկրների, և՛ նահանգների, և՛ մտավորականների, և՛ քաղաքացիների, և՛ առհասարակ դատապարտողների քանակը և որակը և ուշ, թե շուտ այս Ցեղասպանությունը պետք է վերջնականապես դատապարտվի, որովհետև այլ ճանապարհ չկա: Դատապարտողները լույսի համար մարտնչողներն են, իսկ ժխտողները՝ ստվերի կողմնակիցներն են», - մեկնաբանեց Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG