102 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հենց ապրիլի 24-ին ձերբակալվեցին, իսկ հետագայում նահատակվեցին հարյուրավոր մտավորականներ՝ բժիշկներ, ուսուցիչներ, խմբագիրներ, հրատարակիչներ և իհարկե գրողներ, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը և այլք:
1915 թվականի հենց ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում, մութն ընկնելուն պես, երիտթուրքական իշխող կուսակցությունը, ըստ նախապես կազմած ցուցակների, հրահանգեց սկսել մոտ 300 մտավորականների ձերբակալությունը։ Այդ օրը ձերբակալվեց նաև Կոմիտաս վարդապետը:
Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքերի կուսակցությունը 1915-1923 թվականներին նախապես ծրագրել և պետականորեն կազմակերպել էր Օսմանյան կայսրության հայկական նահանգների բնակչության բռնի տեղահանությունն ու ոչնչացումը գաղթի ճանապարհներին՝ այսպիսով բնաջնջելով Արևմտյան Հայաստանի գրեթե ողջ բնակչությանը, մինչ այդ էլ, 1914 թվականից՝ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից, հայկական նահանգների արական սեռի բնակչությունը՝ պատանիներն ու տղամարդիկ, արդեն իսկ զորակոչվել էին՝ ծառայելու օսմանյան բանակում, որտեղ էլ գնդակահարվեցին կամ սվինահարվեցին հազարավոր հայ տղամարդիկ:
Ի դեպ, հենց մեկ տարի անց՝ 1915 թվականի մայիսի 24-ին, դաշնակից երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանի կայսրությունը պատմության մեջ առաջին անգամ համատեղ հռչակագրում հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում կոչեցին «հանցագործություն մարդկության դեմ»:
Հիշեցնենք, որ հայերի զանգվածային ջարդերը սկսվել էին դեռ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք՝ 1894-96 թվականներին, երբ Սասունում սկսված ջարդերը տարածվեցին ողջ Օսմանյան կայսրության տարածքում, և այդ երկու տարիների ընթացքում միայն, ըստ գերմանական աղբյուրների, որ համախմբել է լյութերական քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը, սպանվել, թալանվել է ավելի քան 200 հազար մարդ, միայն այդ երկու տարիների ընթացքում իսլամացվել է 456 հայկական գյուղ, պղծվել է 649 եկեղեցի ու վանք, 328 եկեղեցի էլ վերածվել է մզկիթի:
Արձակագիր Գուրգեն Խանջյանը եղեռնից փրկված մարդկանց ժառանգն է: Այս 102 տարիների ընթացքում ոչ միայն փաստավավերագրական, այլ նաև բազմաթիվ գեղարվեստական գործեր են ստեղծվել Հայոց ցեղասպանության մասին: Գուրգեն Խանջյանը համոզված է, որ դրանք շատ կարևոր են Ցեղասպանության միջազգային ճանաչման համար։
«Երբ որ գրում ես Հայոց ցեղասպանության մասին, կամ Ցեղասպանության մասին ֆիլմ ես նկարում, նկար ես անում, թեմատիկ արվեստը չի ստացվում։ Ցեղասպանությունը դա մի հետաքրքիր բան է՝ ինչքան ֆիլմ են նկարել, բոլորը ֆալշ են ստացվել, կեղծ է ստացվել, կամ չափազանցված է ստացվել, կամ շատ սենտիմենտալ է ստացվել։ Շատ դժվար թեմա է, բայց այդ արտաքին բաները, հա, ճիշտ ենք անում՝ ստիպենք աշխարհին, որ ընդունի, Եղեռնի հուշարձան, ինստիտուտներ, աշխատանք դրսում, ներսում, թանգարան, էդ ամենը ճիշտ է, բայց ես մտածում եմ, որ նույնիսկ եթե աշխարհն ընդունի, ճանաչի, Թուրքիան ճանաչի, մեր մեջից տենց հեշտ դուրս կգա՞՝ իհարկե դուրս չի գա։ Մեր պապերն են զոհվել ու ինչ ձևով են զոհվել, ինչ վայրագ ձևերով... դա տենց հեշտ դուրս գալու բան չի։ Հա, ճանաչեցին՝ թող ճանաչեն։ Այսինքն՝ դա արդեն մեր մենթալիտետն է, մեր ենթագիտակցության մեջ բուն դրած մի բան է», - «Ազատության» հետ զրույցում ասաց արձակագիրը։