Մատչելիության հղումներ

Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման մի շարք միջոցառումներ կանցկացվեն


Ռուսաստան - Մոսկվայի հայերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, 24-ը ապրիլի, 2015թ․
Ռուսաստան - Մոսկվայի հայերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, 24-ը ապրիլի, 2015թ․

Ամեն տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մոսկվայաբնակ հայերը հավաքվում են եկեղեցում, այնուհետև հանրահավաքին ավանդական տեղում՝ Ռուսաստանի առաջին հեղափոխությանը նվիրված 1905 թվականի հրապարակում։

Սովորաբար ապրիլի 24-ին հայ երիտասարդները նաև բողոքի ակցիա են կազմակերպում Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց։ Այս տարի, սակայն, նման ակցիա նախատեսված չէ, Մոսկվայի իշխանություններին նման բողոքի ցույց կազմակերպելու համար հայկական կառույցները չեն դիմել։ Չի բացառվում, այդուհանդերձ, որ լինեն առանձին անհատներ, որոնք գան և իրենց բողոքը հայտնեն Թուրքիայի դեսպանությանը։

Ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված միջոցառումները շատ են, ասում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը:

«Այսօր մեզ մոտ սպասվում են մի շարք միջոցառումներ, որոնք իրականացվում են համատեղ՝ և՛ դեսպանության մեր, ինչպես նաև եկեղեցու մեր, ինչպես նաև հայկական տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված: Այսօր մեր եկեղեցում տրվելու է պատարագ, լինելու են նաև մի շարք միջոցառումներ․ դա լինելու է «Խոստումը» ֆիլմի ցուցադրումը, լինելու է Ստաս Նամինի թատրոնի կողմից բեմադրություն՝ Ուիլյամ Սարոյանի ստեղծագործություններից մեկի թեմատիկայով, և, իհարկե, մեր հասարակությունը, մեր հասարակական կազմակերպությունները անցկացնելու են հավաք՝ ամեն տարի ոնց իրենք իրականացնում են», - «Ազատությանը» փոխանցեց Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղարը:

Ռուսական դաշնային հեռուստաընկերությունները ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանության մասին, տարբեր ռեպորտաժներ են եթեր հեռարձակում: «Ռուսաստանյան լրատվամիջոցներից վերջին մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում մի շարք լրատվամիջոցներ՝ "Россия 24"-ը, РЕН ТВ-ն, ինչպես նաև մի քանի այլ նույնչափ լուրջ լրատվամիջոցներ դիմել էին, հետաքրքրվում էին, ծրագիրը ուզեցին իրենք մեզանից՝ մենք ուղարկեցինք, այսինքն՝ հետաքրքրություն կար դա լուսաբանել», - ասաց Լևոն Թորգոմյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG