Մատչելիության հղումներ

«Ելք» դաշինքի անդամ. Քաղաքական համակարգը միայն կառողջանա, եթե քաղաքային իշխանությունները փոխվեն


«Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանի համոզմամբ, քաղաքական համակարգը միայն կառողջանա, եթե Երևանի քաղաքային իշխանությունները փոխվեն։

«Երևանի քաղաքապետն ունի իրավասություն՝ ձևավորելու հասարակական կարգն ապահովող մի անձնակազմ, ըստ էության՝ տեղական ոստիկանություն, որն իր վրա կարող է ստանձնել այն գործառույթը, որն իրականացնում է այդ ոստիկանությունը Նոր տարվա գիշերը։ Երբ քաղաքապետարանը արտոնում կամ արգելում է որևէ հավաք իրականացնել, իր որոշմանը պետք է հետևի ինքը։ Այսինքն՝ այս իմաստով, եթե դա արգելված է որևէ տեղում տոնածառ տեղադրել, կամ թույլատրված է տեղադրելը, ապա դրան պետք է հսկի ոչ թե մեր պարեկապահակային ոստիկանությունը, այլ ՏԻՄ մարմնի կողմից ստեղծված այդ հասարակական կարգ պահպանող մարմինը», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Խաժակյանը, հավելելով, որ եթե Երևանի քաղաքային իշխանությունը տարբերվի Երևանի կենտրոնական իշխանությունից, դա կբերի քաղաքական փոխզսպման։

«Որովհետև շատ հաճախ տարբեր հանրապետականներ ասում են, որ եթե քաղաքապետը լինի այլ կուսակցությունից, չի կարողանա աշխատել վարչապետի, կառավարության հետ, և այսպես արդյունավետ չի ստացվի։ Բայց մենք վստահ ենք, որ Երևանի քաղաքապետն այս իրավիճակում, եթե լինի խորհրդարանում եղած, կենտրոնական իշխանությունից զատ ընդդիմադիր կուսակցության կամ դաշինքի ներկայացուցիչ, կապահովի հենց այդ փոխզսպումը։ Այսինքն՝ բոլոր այն որոշումները, որոնք կհակասեն Երևանի և երևանցու շահերին, Երևանի քաղաքապետը, ըստ էության, կստանձնի պաշտպանի դերը», - ասաց «Ելք» դաշինքի անդամը՝ շարունակելով. - «Պատկերացրեք այն բոլոր դեպքերում, երբ Բաղրամյան պողոտայի վրա ցույցը կամ երթն արգելվել է, պատկերացրեք, որ տեղական իշխանությունը՝ քաղաքապետն արտոնի այդ երթը և ասի՝ որևէ խնդիր չկա այդ փողոցով անցնելու և երթ իրականացնելու։ Մենք կտեսնենք բոլորովին այլ որակ, այլ պետություն, և նույնիսկ ասեմ ավելին՝ այն լարվածությունները, որ միշտ եղել են՝ «վա՛յ, հեսա Բաղրամյանով ցույց կանի», այդ միֆերը կկոտրվեն, մեր երկրում կսկսվի իրական քաղաքական գործընթաց»։

Խաժակյանի խոսքով՝ երբ քաղաքացին կաշկանդված է տեղաշարժի մեջ, այստեղ խնդիրն արդեն տեղաշարժի իրավունքը վերականգնելն է, ոչ թե քաղաքական ինչ-որ իրողության փոփոխություն բերելը։ «Էս իմաստով, ես կարծում եմ, որ մեր քաղաքական համակարգը միայն կառողջանա, եթե Երևանի քաղաքային իշխանությունները փոխվեն», - ասաց «Ելք» դաշինքի անդամը։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ապրիլի 23-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG