Այսօր տեղի ժամանակով ժամը 19.00-ին կմեկնարկի Երուսաղեմի միացյալ հանձնախմբի կողմից կազմակերպված ջահերով երթը: Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը հայկական համայնքը նշելու է մի շարք միջոցառումներով:
«Ջահերով երթը արդեն երկու տարի է, ինչ տեղի է ունենում: Այն կմեկնարկի Երուսաղեմի Հայոց վանքի մոտից դեպի իսրայելական կողմում գտնվող հայկական եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ Դատի Երուսաղեմի ատենապետ, միացյալ հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը:
Վաղը կեսօրին հայերը Երուսաղեմի թուրքական հյուպատոսարանի մոտ ցույց կանցկացնեն, իսկ Թել Ավիվում ամենաբանուկ փողոցով երթով կշարժվեն դեպ Թուրքիայի դեսպանատուն, որտեղ էլ ժամը 16.00-ին տեղի կունենա բողոքի ցույցը: Միջոցառումներ կլինեն նաև երկրի հյուսիսային Հայֆա քաղաքում:
Ուշագրավ է, որ առաջին անգամ Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի օրը համընկել է, քանի որ հրեական օրացույցը լուսնային է ու փոփոխական:
Այսօր Երուսաղեմի բնապահպանական թանգարանում համատեղ հայ-հրեական հուշ-երեկո տեղի կունենա, որի ժամանակ վկայություններ ու անձնական պատմություններ կներկայացվեն երկու ժողովուրդների պատմության այս սարսափելիէջերից: Իսկ վաղը նույն թանգարանում հուշ-երեկո տեղի կունենան նվիրված Կոմիտասի ու հրեա գրող, հրապարակախոս, Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզերի հիշատակին, Հայոց պատրիարքարանի հովանավորությամբ ու մասնակցությամբ:
Հակոբ Սևանն անդրադարձավ նաև անցյալ տարի Իսրայելի Քնեսեթի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումից հետո կատարված աշխատանքների մասին:
«Նկատի ունենալով հանձնաժողովի դրական կեցվածքը՝ գիտության առումով, որոշ դպրոցներում Հայոց Ցեղասպանության մասին ծրագիր կա արդեն», - ասաց Հայ Դատի Երուսաղեմի ատենապետը: