Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջին անգամ ժամանակակից արվեստի տրիենալե կանցկացվի


Հայկական առաջին տրիենալեն՝ երեք տարին մեկ անցկացվելիք, ժամանակակից արվեստի ոլորտը ներկայացնող ցուցադրությունը, ստացել է «Ստանդարտ» անվանումը: Այսօր «Ստանդարտ - 2017» տրիենալեի կազմակերպիչները հրավիրած ասուլիսին տեղեկացրին, որ տրիենալեի բացումը կկայանա 3 ամիս անց՝ հուլիսի 21-ին:

Տրիենալեն կազմակերպել է «Արվեստների հայկական խորհուրդը» իր գործընկերների՝ «Արվեստ Հայաստան» հիմնադրամի, «Արվեստը՝ հանուն աշխարհի» կազմակերպության հետ միասին՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Ստանդարտ-2017» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն Հայաստանում կանցկացվի «Լեռան անալոգը» խորագրի ներքո, որն ընտրվել է ֆրանսիացի սյուռեալիստ գրող Ռենե Դոմալի համանուն անավարտ վեպից:

Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեն ժամանակակից արվեստի ոլորտում մեծ հեղինակություն և ճանաչում ունեցող անձանց ստեղծագործությունները, այդ թվում և մեր հայրենակից, բրազիլահայ մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի աշխատանքները, որոնք կներկայացվեն հենց հուլիսի 21-ից Երևանում՝ Կալենցի թանգարում: Համադրող ՝ Ռուբեն Արևշատյան:

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի նախկին շենքում էլ կներկայացվի Միացյալ Նահանգներում մեծ ճանաչում գտած արվեստագետներ Իլյա և Էմիլիա Կաբակովների «Մոցարտի երաժշտությունը լսելով՝ խնձոր ձեռք բերելու 20 տարբերակ» ինստալյացիան: Համադրող ՝ Ադելինա Ջյուբերյան Ֆոն Ֆյուրսթենբերգ:

Ուշագրավ է նաև, առաջին հայկական տրիենալեն կանցկացվի ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև մարզերի մշակութային կենտրոններում՝ Բյուրականում, Գյումրիում, Սևանում և այլուր, որտեղ որպես հարթակներ կծառայեն ոչ միայն թանգարանները, այլև պատմամշակութային հուշարձանները: Առաջին հայկական տրիենալեի գլխավոր համադրողն է Վենետիկի 56-րդ բիենալեի «Ոսկե առյուծի» արժանացած Հայաստանի ազգային տաղավարի համադրող Ադելինա Ջյուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգը:

«Պատահական չէ, որ մեր առաջին տրիենալեի համադրող է հրավիրվել Ադելինա Ջուբերյանը, որովհետև հիմնական խնդիրն էր, որպեսզի Վենետիկի հաջողությունը, որ ունեցավ հայ ժամանակակից արվեստը, պետք էր զարգացնել և հենց այդ նպատակով որոշվեց որ Հայաստանը ևս ունենա մի միջազգային հարթակ», - այսօր հրավիրած ասուլիսին նշեց առաջին հայկական տրիենալեի կազմակերպիչ, «Արվեստների հայկական խորհրդի» տնօրեն Մարինե Հարոյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի համոզմամբ․ - «Հայաստանում ժամանակակից արվեստի տիրենալե կազմակերպելը նշանակում է Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին ժամանակակից արվեստում, և ամենակարևորը՝ Հայաստանը դարձնել համաշխարհային հարթության մեջ մի հարթակ, որտեղ կարող են տարբեր երկրներից ժամանակ արվեստագետները շփվել, ներկայացնել իրենց արվեստը և Հայաստանի արվեստագետներին ներկայացնել ամբողջ աշխարհին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG