Երևանի քաղաքապետի միակ կին թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այսօր ավագանու թեկնածուների հետ քարոզչություն էր անցկացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Փոստանջյանը և նրա համակիրները մարդկանց բացատրում էին, որ «Երկիր Ծիրանին» նոր կուսակցություն է, որը պաշտպանելու է քաղաքացիների շահերը։
«Ազատության» հետ զրույցում Փոստանջյանը ասաց, որ շախ ու մատ են անելու իշխանություններին, գրավելու են քաղաքապետարանը և սկսելու են համակարգային փոփոխություններ իրականացնել․ - «Ազատագրելու ենք քաղաքապետարանը կոռուպցիայից, կեղտից, ապօրինություններից և անարդարությունից»:
Քաղաքապետի մյուս ընդդիմադիր թեկնածուն՝ «Ելք» դաշինքը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, Ավան վարչական շրջանում հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո դրական փոփոխությունների սայլը մի փոքր շարժվել է և հիմա քաղաքապետի ընտրություններով մարդիկ կարող են ավելի շատ նպաստել փոփոխություններին․ - «Մայիսի 14-ին գնացեք ընտրական տեղամասեր և առանց որևէ կասկածի նշույլի «Ելք» դաշինքի սկզբունքայնության, ազնվության և արդարության նկատմամբ, Ձեր ձայնը տվեք «Ելք» դաշինքին: Եվ ամենակարևորը՝ չհուսահատվեք, սիրելի՛ հայրենակիցներ, որովհետև «Ելք» դաշինքը այսօր եկել է ձեր բակ և բարձր ու ինքնավստահ ասում է՝ «Երևան ջան, ելք կա»:
Փաշինյանի հետ էին նաև ավագանու մյուս թեկնածուները։ Ցուցակի երկրորդ համար Արայիկ Հարությունյանը կոչ արեց հավատալ, որ ընտրություններին մասնակցելով՝ փոփոխությունների հնարավոր է հասնել․ - «Մենք եկել ենք կոչ անելու, որպեսզի դուք միանաք այն 122,065 հոգուն, ովքեր ապրիլի 2-ին հավատացին իրենց քվեի ուժին և ընտրեցին փոփոխությունները, ընտրեցին «Ելք» դաշինքին»:
Թե՛ «Ելք» դաշինքը, թե «Երկիր Ծիրանին» իրենց մրցակից են համարում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Վերջինս էլ նրանց է մրցակից համարում, բայց կարծում է, որ քաղաքապետ պետք է ընտրվի նա, ով տեղյակ է Երևանի խնդիրներից։ Մարգարյանի խոսքով իր մրցակիցները մի քանի խնդիրներից՝ օրինակ տրանսպորտից են խոսում, մինչդեռ խնդիրները ավելի շատ են, իսկ իրենց թիմը լուծումների ծրագիր ունի․ - «Մենք համարում ենք, որ այս տարիների ընթացքում արդյունավետ ենք աշխատել, այն ծրագրերը՝ ավելի լավ Երևանի, որ ներկայացրել ենք մեր հանրությանը և ստացել ենք վստահության քվեն, մենք կարողացել ենք մաքսիմում այդ ծրագրերը իրականացնել»:
Արաբկիր համայնքում քարոզչություն անցկացնող քաղաքապետը վստահեցրեց՝ 4 տարի օր ու գիշեր աշխատել են և ցանկանում են շարունակել ավելի լավ Երևանի ծրագիրը։ Նա ընդդիմախոսներին կոչ արեց լավն էլ տեսնել․ - «Եթե կհամագործակցեն, օգտակար կլինեն մեր քաղաքի համար, մենք ընդամենը շնորհակալ կլինենք»:
Երևանի կարևոր խնդիրներից մեկին՝ մայրաքաղաքի հին շենքերի պահպանությանը անդրադառնալով՝ Տարոն Մարգարյանը ասաց, որ խնդիրը ճարտարապետական է և անկախությունից հետո է առաջացել, ոչ թե վերջին տարիներին։ Վստահեցրեց՝ օրինագծերով են լուծելու հարցը, «Հին Երևան» ծրագիրն են իրականացնելու: «Ազատության» դիտարկմանը, թե հենց իր ղեկավարման տարիներին են շատ շենքեր քանդվել, նա այսպես արձագանքեց․ - «Ես այդ կարծիքին չեմ, վերցրեք՝ հաշվեք»: