Մատչելիության հղումներ

«Երկիր ծիրանին» քարոզարշավի առաջին հանդիպումն ավարտեց հեծանվաերթով


Armenia -- "Yerkir Tsirani" starts the election campaign. 21April, 2017
Armenia -- "Yerkir Tsirani" starts the election campaign. 21April, 2017

«Արևի քաղաքին՝ մարդկային ջերմություն» այսպիսին կլինի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ղեկավարած կուսակցության կարգախոսը Երևանի ավագանու ընտրություններում։ Նորաստեղծ «Երկիր ծիրանին» քարոզարշավի մեկնարկը տվեց Ազատության հրապարակում։

«Մեր ծրագիրը նախատեսում է անդրադարձ կատարել ճարտարապետության և քաղաքաշինության խնդիրներին, Երևանի կենտրոնի բնակելի կառուցապատման հիմնական քաղաքաշինական խնդիրներին, բազմաբնակարան շենքերի կառավարմանը, հանրային տրանսպորտին: Ծրագրում անդրադարձ է կատարվելու նաև աղբահանության խնդիրներին և աղբի վերամշակմանը», - ասաց Փոստանջյանը:

«Երկիր ծիրանիի» առաջնորդը բացօթյա ասուլիսին ներկայացրեց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները՝ կանաչ տարածքների կտրուկ ավելացումից մինչև տրանսպորտի խնդրի հիմնավոր լուծում։ Քաղաքային բյուջեում, նրա կարծիքով, գումար կգտնվի մեծ ծրագրերի համար, եթե չարաշահումներն ու կոռուպցիան քաղաքապետարանում տեղ չունենան․ - «Համաձայն միջազգային ստանդարտների, նախատեսվում է 25 քառակուսի մետր կանաչ տարածք, մինչդեռ այսօր Երևանում ընդամենը յուրաքանչյուր շնչին հասնում է 5 մետր տարածք: Արդեն կարելի է հասկանալ, թե ինչպիսի քաղաքում ենք մենք այսօր բնակվում»:

Քաղաքապետ ընտրվելու դեպքում Փոստանջյանի առաջին անելիքներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարը կլինի․ - «Ապօրինությունները եթե դու վերացնում ես, ապա դու ունենում ես նաև հսկայածավալ բյուջե, որի միջոցով կարող ես հարցերին լուծում տալ: Օրինակ, ասֆալտապատումը վերից վար կոռուպցիա է, որովհետև այդ ասֆալտապտման ժամանակահատվածում նույնիսկ փողոցները չեն համընկնում այդ պայմանագրի ներքո կատարվող աշխատանքներին»:

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունից Փոստանջյանը, մեղմ ասած, գոհ չէ․ - «Այն, ինչ տեղի է ունեցել մեր քաղաքում, տեղի է ունեցել ձեր աչքերի առջև․ նրա պաշտանավարման ժամանակահատվածում քաղաքում վերացել են և՛ կանաչ տարածքներ, և՛ մենք տեսել ենք, թե ինչպիսի վայրագ մեթոդներով պայթեցվել է շենք, նաև պատմամշակութային մեր ժառանգությունը ինչպես է ոչնչացվել, ապա, ես կարծում եմ, այն, ինչ որ մենք բոլորս տեսնում ենք, այն, ինչ որ մենք ունենք այսօր փաստացի, դա նրա գնահատականն է»:

Թեև «Երկիր ծիրանին» ավագանու մանդատների համար փաստացի կմրցի իշխող կուսակցության և ընդդիմադիր «Ելք» դաշինքի հետ, այնուամենայնիվ Փոստանջյանը պնդում է, որ իրենք մրցակիցներ չունեն, ունեն թիրախ․ - «Մեր հիմնական թիրախը Հանրապետական կուսակցությունն է, և մեր ընտրողները երևանցիներն են»:

«ժառանգության» նախկին ղեկավար անդամը ներկայացրեց նաև նորաստեղծ կուսակցության իրենց ավագանու թեկնածուներին, ովքեր, ըստ նրա, հայտնի մարդիկ են յուրաքանչյուրն իր ոլորտում՝ գործարար Մնացական Պարակշիև, ՏՏ ոլորտի մասնագետ Հայկ Պետրոսյան, փաստաբան Կարապետ Աղաջանյան, ֆրանսերենի մասնագետ Լիլիա Դիլանյան, գիտնական Վահան Համազասպյան և այլք․ - «Եվ ես շատ ուրախ եմ, որ մեր թիմում չկան այն հայտնիները, որոնք հայտնի են իրենց արատավոր կյանքով այս 25 տարիների ընթացքում: Դա վերաբերվում է քաղաքական կյանքում հայտնի անձանց»:

Ազատության հրապարակում ասուլիսից հետո քաղաքապետի միակ կին թեկնածուն հանեց բարձրակրունկներն ու հագավ սպորտային կոշիկներ․ Փոստանջյանն իր թիմի հետ հեծանվաերթի շտապեց քաղաքի կենտրոնում՝ ցույց տալու քաղաքային իշխանություններին ու մյուսներին, որ Երևանը նախատեսված չէ միայն հսկայական մեքենաների համար․ - «Կարծում ենք, որ հենց սա է քաղաքակիրթ մոդելը, որ ոչ թե 2, 3, 5, 6 մետրանոց մեքենաներով մարդիկ պետք է շրջեն Երևանում, այլ նաև ունենան հնարավորություն երթևեկելու հեծանիվներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG