Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններից հետո ՀՀԿ-ն ընդդիմադիր է դառնալու․ Փաշինյան


Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ «Ելք» դաշինքի կազմակերպած հավաքը Հյուսիսային պողոտայում, 21-ը ապրիլի, 2017 թ․
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ «Ելք» դաշինքի կազմակերպած հավաքը Հյուսիսային պողոտայում, 21-ը ապրիլի, 2017 թ․

Երևանի ավագանու ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը Երևանի կառավարման հարցում ընդդիմություն է դառնալու: Այս հայտարարությամբ այսօր սկսեց իր խոսքը «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա անդրադարձավ նաև «Երկիր ծիրանի» կուսակցության հետ հնարավոր համագործակցությանը, նշելով, որ հետընտրական շրջանում պատրաստ են համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք աշխատելու են Երևանի բարեկարգման ու բարեկեցության համար:

«Մենք պատրաստվում ենք հաղթել ընտրություններում, և իհարկե, Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո բոլոր էն ուժերին, ովքեր կկարողանան մասնակցել Երևանին նոր շունչ և թարմություն հաղորդելու, Երևանի լավատեսության աստիճանը էականորեն բարձրացնելու գործին, բոլոր էդ ուժերին, կներգրավեմ Երևանի կառավարման գործում: Հանրապետականը կլինի ընդդիմություն և, որպես ընդդիմություն, իր ընդդիմադիր ֆունկցիաներով, կարծում եմ, կնպաստի, որ մենք առավել արդյունավետ աշխատենք»,- ասաց Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ տեղական դիտորդական կազմակերպությունները կներգրավվեն մայրաքաղաքի ավագանու ընտրությունների գործընթացում, բայց, անկախ այդ հանգամանքից, իրենք իրենց վստահված անձանցով «կկարողանան վերահսկողությունն ապահովել»:

Ավագանու ընտրության քարոզարշավի շրջանակում դաշինքն այսօր մայրաքաղաքի կենտրոնում նաև երթ էր կազմակերպել, որի վերջնակետը Հյուսիսային պողոտան էր: Այնտեղ նախատեսված է ռոք-համերգ, ինչից հետո պետք է տեղի ունենա հանրահավաք:

«Ելք» դաշինքի առաջնորդները, մինչ այդ, վանկարկում էին իրենց կարգախոսը՝ «Երևան ջան, ելք կա»: Փաշինյանն այսօր նաև համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն այս անգամ ևս օգտագործելու է վարչական ռեսուրսը, և այդ առումվ՝ իրենց առաքելությունն է լինելու՝ յուրաքանչյուր քաղաքացու բացատրել, որ իր քվեն արժեք ունի: «Մեր խնդիրն է՝ քաղաքացիներին քաջալերել, որ նրանք կարող են կատարել իրենց ընտրությունը»,- ասաց Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG