Իր իրավունքը պաշտպանելու համար ՍԱՍ Գրուպի աշխատակիցներից որևէ մեկն առայսօր չի դիմել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Այդ մասին ուրբաթ օրը «Ազատությանը» հայտնեց օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Ավելի վաղ, հիշեցնենք, Թաթոյանը, մտահոգիչ համարելով ենթադրաբար ՍԱՍ Գրուպի ժողովի ձայնագրությունում առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները, որոնք կապվում են քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման ու նրանց նկատմամբ ճնշման հետ, վստահեցրել էր, որ իր իրավասության սահմաններում կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ՝ երաշխավորելով Պաշտպանին այդ հարցով հնարավոր դիմողների գաղտնիությունը:
Թաթոյանը դժվարացավ պատասխանել «Ազատության» հարցին՝ արդյոք իրեն չդիմելու հնարավոր պատճառ կարող է համարվել նաև իր ղեկավարած կառույցի նկատմամբ անվստահությունը:
«Գիտեք, այնքան բազմակողմանի հարց եք բարձրացնում։ Իմ գնահատմամբ, պետք է ասեմ՝ այո, մենք ունենք մեզ դիմողների վստահությունը, լիարժեք պահպանում ենք այդ վստահությունը, ավելին՝ վստահության գաղտնիության հարցը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ամենակարևոր հարցերից է, ամենացավոտ տեղն է։ Առանց վստահության չի կարող Մարդու իրավունքների պաշտպանը աշխատել, ես ինչպե՞ս կարող եմ դրա հետ կապված խնդիրներ ստեղծել, ոչ, բացարձակ ապահովում ենք», - ասաց Թաթոյանը։
Ճշտող հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում այն փաստը, որ քաղաքացիներից գեթ մեկը չդիմեց օմբուդսմենին, Թաթոյանը պատասխանեց. - «Դա ընդհանուր մենթալիտետն է, գիտեք, ոչ մեկը չի վստահում այլ մարմիններին, ոչ թե մեզ։ Ես կարծում եմ, որ մի քանի մարմիններ, որոնց կվստահեն, ես դրանց թվում եմ»։