Իրավապաշտպան, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանի համար «Ազգ-բանակ» կոնցեպցիան շատ տարօրինակ է հնչում։ Հովհաննիսյանը սա կապում է ոչ թե ապրիլյան պատերազմի, այլ «Սասնա ծռեր»-ի ապստամբության հետ։ Ըստ իրավապաշտպանի, հենց այդ ժամանակ խախտվեց զենքի իրավունքի և զենքի օգտագործման բալանսը։
Հովհաննիսյան. - «Ազգ-բանակ» կոնցեպցիան շատ տարօրինակ է հնչում։ Մանավանդ այն պարագայում, երբ մենք ունենք պետություն, այսինքն՝ հանրային մոբիլիզացիան պետք է լիներ քաղաքացիության և պետության ինստիտուտի շուրջ, և բանակը, որպես պետության սուվերենությունը պահպանող և հաստատող կառույց, ինքը ընդամենը բաղադրիչներից մեկն է, և այդ մեկ բաղադրիչի շուրջ մոբիլիզացնել ազգին, երբ արդեն կա քաղաքացի, քաղաքացիություն և պետականություն, ինձ համար շատ տարօրինակ է։ Ես կապում եմ անցած տարվա «Սասնա ծռերի» ապստամբության հետ։
«Ազատություն». - Ոչ ապրիլյան պատերազմի՞...
Հովհաննիսյան. - Ոչ ապրիլյան պատերազմի, որովհետև հենց այդ ժամանակ խախտվեց բալանսը՝ զենքի իրավունքի և զենքի օգտագործման, որը հիմա վերահաստատվում է «Ազգ-բանակ»-ով։ «Ազգը, եթե հավանություն է տվել մի այդպիսի ակցիայի, որը զինված ակցիա էր, ուրեմն թող համախմբվի բանակի շուրջ», - այսպիսի մի տարօրինակ հոգեբանական դրսևորում է տեղի ունենում, և դա ամենևին չի բխում ո՛չ մարդու իրավունքների մեր պատկերացումներից՝ քաղաքացիության տեսանկյունից, ո՛չ պետականության։ Քանի որ, այնուամենայնիվ, ես պետության կայացումը դիտարկում եմ հենց ժողովրդավարական ինստիտուտների կայացման փաստով, որը մենք տեսանք ամբողջովին փլուզված առկա ընտրությունների պարագայում։
«Ազատություն». - Բայց կան նաև համաշխարհային օրինակներ, շատ է բերվում Իսրայելի օրինակը, որ ամբողջ տնտեսությունը և բանակն իրար հետ աշխատում են, իրար պահում, իրարով ապրում, մեկը մյուսի համար խթան են հանդիսանում։ Գաղափարը, երբ ներկայացվում էր, այդպես էր ներկայացվում, որ բանակը պետք է լինի տնտեսության առաջատար ճյուղը, բեռից վերածվի հզոր մի լոկոմոտիվի, որն առաջ կտանի տնտեսությունը։ Լավ չի՞ լինի Հայաստանի համար, տնտեսությունն առաջ չի՞ գնա։
Հովհաննիսյան. - Անհնար է մեկ ճյուղ զարգացնել՝ մնացածը ընդհանրապես որևէ կերպ առաջընթաց չգրանցի։ Իսրայելում ծաղկում է և՛ գյուղատնտեսությունը՝ նմանատիպ վատ պայմանների պարագայում, ծաղկում է և՛ բժշկությունը, միևնույն ժամանակ, իրենց պայմաններից ելնելով՝ պատերազմական վիճակում են։ Չնայած ես ինքս Իսրայելի ջատագովներից չեմ և շատ խորը ուսումնասիրության է պետք ենթարկել՝ արդյո՞ք նրանք շահել են այդ կոնցեպցիայի իրականացումից, թե՞՝ ոչ, և արդյո՞ք բազմակողմանիորեն պետք է հակասությունները դիտարկել, և մարդու իրավունքների տեսանկյունից ինչպիսի՞ իրավիճակ է այժմ Իսրայելում, ես վերջերս լսում էի նրանց կրոնական դրսևորումները, որոնք անգամ աղջիկների զինծառայությունը փորձում էին սահմանափակել, ուզում եմ ասել՝ միատարր չի այդ ամենը։
«Ազատություն». - Հայաստանում այս բանակը չի՞ կարող դառնալ այն շոգեքարշը, որ մնացած ճյուղերն իր հետևից կքաշի, կզարգացնի, իրոք կդառնա զարգացնող մի գործիք։
Հովհաննիսյան. - Ես հիշեցի Ալբերտ Էնշտեյնին, որ ասում էր՝ «եթե չենք կարողանում վճարել քաղաքակրթության համար, մենք պետք է վճարենք պատերազմի համար»։ Հիմա, եթե մենք չկարողացանք իսկապես ժողովրդավարական ինստիտուտներ կայացնել երկրում, մարդու արժանապատվությանը վայել քաղաքացիություն և նաև ընտրություն կազմակերպել երկրում ընտրակաշառքների համատարած հոսքով հանդերձ, մենք ուրեմն պետք է ինչ-որ այլ կոնսոլիդացիա գտնենք և մարդկանց ուշադրությունը ուղղորդենք ավելի բռնապետական կազմավորումների կողմ, և բանակը ես համարում եմ բռնության ինստիտուտ՝ այնուամենայնիվ, դա քաղաքացիության և ժողովրդավարության ինստիտուտ չէ ամենևին։