Քառորդ եզրափակիչի՝ հինգշաբթի երեկոյան կայացած պատասխան հանդիպումների արդյունքներով, ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս եկան բրիտանական «Մանչեսթր Յունայթեդ», ֆրանսիական «Լիոն», իսպանական «Սելտա» և նիդերլանդական «Այաքս» ակումբները:
«Մանչեսթր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ բելգիական «Անդերլեխտ»-ի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը, և քանի որ Սոֆիան Հաննիի պատասխան գոլից հետո ընդհանուր հաշիվը հավասարվեց, թիմերը ստիպված եղան խաղալ ևս 30 րոպե, և 107-րդ րոպեին Մարքուս Ռաշֆորդը խփեց հաղթական գնդակը:
«Լիոն»-ը, «Սելտա»-ն և «Այաքս»-ը հետագա պայքարից դուրս թողեցին, համապատասխանաբար, թուրքական «Բեշիքթաշ»-ին, բելգիական «Գենկ»-ին և գերմանական «Շալկե»-ին:
Այսօր անցկացված վիճակահանությամբ որոշվեցին կիսաեզրափակիչի զույգերը՝ «Այաքս» - «Լիոն» և «Մանչեսթր Յունայթեդ» - «Սելտա»:
Հայտնի դարձան նաև ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը՝ «Ռեալ» - «Ատլետիկո» (Մադրիդ) և «Մոնակո» - «Յուվենտուս»: