Մատչելիության հղումներ

Վանաձորցի վարորդները դժգոհում են․ «Սաղ փողն ավիրված ճանապարհներից վնասված մեքենայի վրա ենք ծախսում»


Վանաձորի անբարեկարգ փողոցներից մեկը, Ապրիլ, 2017 թ․
Վանաձորի անբարեկարգ փողոցներից մեկը, Ապրիլ, 2017 թ․

Վանաձորցի վարորդ Արմեն Ավագյանն ասում է՝ երբևէ քաղաքի ճանապարհներն այսքան քանդված ու ավիրված չեն եղել: «Հիմա շուկայի փողոցով գնում ենք, սենց աշխատել կլինի՞, լսու՞մ եք՝ ինչ ձեներ ա գալիս, ոնց որ մեքենային անընդհատ չաքուճով խփես»,- դժգոհում է վարորդը:

Նրա խոսքով, ճանապարհների փոսերից հնարավոր չէ խուսափել, երբեմն ստիպված է լինում անգամ հանդիպակաց գոտիով երթևեկել: Փորձառու վարորդը սրտնեղում է՝ փոսերի պատճառով ամեն օր մեքենայի հետ կապված նոր խնդիրներ են առաջանում․ «Ախր մենք էլ մարդ, մեղկ ենք չէ՞, փողը լրիվ մեքենայի վրա ենք դնում»:

Վանաձորցի անհատ տաքսու վարորդներն «Ազատության» հետ զրույցում բողոքում են՝ ողջ օրվա վաստակածը հիմնականում ծախսում են փոսերի պատճառով առաջացած մեքենայի խնդիրները լուծելու համար: Վարորդները նաև ասում են, որ հարկերը ժամանակին են մուծում, մեքենայի ապահովագրության գումարները՝ նույնպես, բայց, երբ մեքենան փոսն ընկնելու պատճառով վնասվում է, որևէ փոխհատուցում չեն ստանում:

«Հիմի էլ ընտրեցինք Հանրապետականը, հիմի էլ իրանց սրտով գնացինք, ինչի՞ չեն իրանք էլ մեր սրտով գնում, մի հատ էս ճանապարհների մասին մտածեն: Նալոգը չես տալիս, վրդ շտրաֆ ա գալիս, իսկ ճանապարհ չկա, ծախսում ենք ու ծախսում», «Էս տարի սարսափելի ա, ու դաժե միտք էլ չունեն սարքելու»,- ասում են վանաձորցի տաքսիստները:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասում է, թե փոսալցման աշխատանքները կսկսվեն մի քանի օրից, երբ հայտնի կդառնա, թե որ կազմակերպությունն է մրցույթը շահել: Ի դեպ՝ փոսն ընկնելու պատճառով մեքենան վնասած վանաձորցի վարորդներից մեկը նախորդ տարի դիմել էր դատարան՝ վնասի փոխհատուցման պահանջով: Նախադեպը չունեցող այդ դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG