Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Խաղաղ պայմաններում ազգ-այգեպան ենք


Պաշտոնը ստանձնելուց 9 տարի անց նախագահ Սերժ Սարգսյանը վերստին խոսում է բարեփոխումներից՝ այս անգամ խոստանալով արմատական փոփոխություններ և որ դրանք զգալի կլինեն յուրաքանչյուրի համար:

Մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկած «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին՝ գրեթե քառորդ դար բարձրագույն իշխանության մաս կազմող Սերժ Սարգսյանը, խոսելով հայրենասիրությունից, հայտարարեց. - «Նման վերաբերմունքի խրախուսման և ամրապնդման նպատակին են ուղղված այն բարեփոխումները, որ իրականացվում են մեր երկրում: Գալիք մի քանի տարիները որոշիչ են լինելու այդ ճանապարհին: Փոփոխություններն արմատական են, և նրանք զգալի ու շոշափելի են լինելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»:

Իշխող Հանրապետականի առաջնորդը առաջին անգամը չէ, որ խոսում բարեփոխումներից ու փոփոխություններից: Ինը տարի առաջ՝ այս օրերին, ստանձնելով Հայաստանի նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը հայտարարեց․- «Հավատացնում եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք մեր երկրի կյանքը դեպի լավը փոխել: Այսօր ես փոփոխությունների կոչ եմ անում, և մենք կրկին անգամ ազդարարում ենք փոփոխությունների նոր սկիզբը: Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի փոփոխությունները սկսել հենց իրենից»:

Քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանի խոսքով, եթե հայացք նետենք թվերին, որոնք ունենք Սերժ Սարգսյանի նախագահության տարիների արդյունքում, ապա կարելի է միանշանակ պնդել, որ նրա իշխանության տարիները «ձախողումների պատմություն են»․ - «Մենք ունենք 350 հազար արտագաղթ, և տնտեսության ամենակարևոր ցուցիչը, ինչ անուն ուզում ես դիր այդ տնտեսությանը, հենց դա է: Երբ մարդիկ արտագաղթում են, դա նշանակում է՝ կյանքը լավ չէ»:

Նախագահ Սարգսյանը այսօր ուշագրավ հայեցակարգով հանդես եկավ՝ նախորդ տարի իշխանությունների առաջարկած «ազգ-բանակ» գաղափարախոսությունը, հավանաբար, լրամշակվել է, և մենք այլևս՝ ազգ-այգեպան ենք․ - «Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ: Ահա սա է մեր երկրի տերերի, երկրի մշակների և երկրի պաշտպանների հայեցակարգը»:

Համաժողովին նոր գաղափարներով հանդես եկավ նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ում նախորդ նախաձեռնությունը՝ հազարական դրամների մասին, հանրության շրջանում բուռն դժգոհության պատճառ հանդիսացավ:

Նախարար Սարգսյանի առաջին գաղափարը կոչվում է՝ «Պատիվ ունեմ»: Եթե բուհում ուսանող երիտասարդը ընտրում է այս ծրագիրը, ապա ստանում է բանակից տարկետման իրավունք և 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, զինվորական պատրաստության դասընթաց է անցնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Զինվորական ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհ-ի դիպլոմը ստանալու դեպքում՝ երիտասարդը բակալավրի աստիճան ստանալուն զուգահեռ ստանում է նաև լեյտենանտի զինվորական կոչում, բայց արդեն երեք տարի ժամկետով է անցնում զինծառայության:

Վիգեն Սարգսյանը ընդգծեց՝ առաջարկածը դեռ գաղափարներ են, որոնք ներկայացնում է հանրային քննարկման: Երկրորդը կոչվում է «Ես եմ», և այն նորակոչիկները, ովքեր կցանկանան ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում՝ կարող են ընտրել ծառայության նոր տեսակ՝ ժամեկտային-պայմանագրային․ - «Երկու տարի ժամկետային ծառայության փոխարեն նրան առաջարկվում է ստորագրել պայմանագիր 3 տարի ժամկետով ծառայություն անցնելու առաջին կարգի զորամասում, բայց հետևյալ պայմաններով՝ 5 ամիս ուսումնական փուլը անցնելուց հետո, ինչպես բոլորը մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, նրանք անցնում են ծառայության 1+1+2 ձևափաչով․ յուրաքանչյուր ամիս 1 շաբաթ անց են կացնում տանը, 1 շաբաթ զորամասում՝ պատրաստվելով մարտական հերթապահության և 2 շաբաթ՝ առաջնագծում: Յուրաքանչյուր ամիս արձակուրդ գնալիս նրանք ստանում են արձակուրդային որոշակի գումար ճանապարհածախսի և այդ մեկ շաբաթվա ծախսերը հոգալու համար, և միաժամանակ նրանց անհատական հաշվին կուտակվում է գումար, և 3 տարի ծառայությունը ավարտելուց հետո նրանք ստանում են իրենց հաշվին մոտ 5 միլիոն դրամի համարժեք գումար»:

Զորացրվելուց հետո այդ 5 միլիոն դրամը երիտասարդը կարող է ծախսել միայն երեք ուղղությամբ՝ ձեռք բերել մատչելի բնակարան՝ պետության կողմից սուբսիդավորված հիփոթեքային ծրագրով, հիմնել մինի-ֆերմա (օրինակ, գնել գյուղտեխնիկա, կառուցել փոքրիկ ջերմոց և այլն) կամ փոխհատուցել ուսման վարձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG