Մատչելիության հղումներ

Թիլերսոն. «Իրանը շարունակում է վտանգել ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերը»


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Պետդեպարտամենտում Իրանի վերաբերյալ հայտարարությունից հետո, Վաշինգտոն, 19-ը ապրիլի, 2017թ․
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Պետդեպարտամենտում Իրանի վերաբերյալ հայտարարությունից հետո, Վաշինգտոն, 19-ը ապրիլի, 2017թ․

«Իրանը շարունակում է հարվածի տակ դնել ամերիկյան շահերը Մերձավոր Արևելքի մի շարք պետություններում», - համոզված է Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այս մասին հայտարարեց անցած գիշեր Վաշինգտոնում, մեկ անգամ ևս կոշտ քննադատության ենթարկելով Օբամայի վարչակազմին Թեհրանի հետ բանակցությունների ընթացքում խնդրահարույց միայն մեկ թեմայի` միջուկային ծրագրի շուրջ կենտրոնանալու համար:

«Կարծում եմ, որ այդ համաձայնագրի մշակման ընթացքում թույլ տրված սխալներից մեկը Իրանի կողմից հարուցվող մյուս սպառնալիքների անտեսումն էր: Իրանի կողմից միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում հարուցվող խնդիրները պետք է համակողմանի ուսումնասիրության ենթարկվեն, և միջուկային համաձայնագիրը դրանցից մեկն է միայն: Մենք պատրաստվում ենք ամբողջական վերագնահատման ենթարկել միջուկային համաձայնագիրը, որը չի հասել իր հիմնական նպատակին: Դա հերթական օրինակն է, երբ միջուկային հավակնություններ ունեցող պետությանը կարճաժամկետ շահերից ելնելով կաշառում են` հարցի հետագա լուծումը մեկ ուրիշի վրա թողնելով», - հայտարարում էր Թիլերսոնը:

Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ Ռեքս Թիլերսոնը մեկ առ մեկ թվարկեց այն բոլոր գործողությունները, որոնք, իր համոզմամբ, վտանգում են ամերիկացիների և Միացյալ Նահանգների տարածաշրջանային դաշնակիցների շահերը: Խոսքը Սիրիայում Ասադի վարչակազմին ցուցաբերվող աջակցության, Իրաքում, Եմենում և Լիբանանում գործող զինված կազմավորումներին ցուցաբերվող օժանդակության, Իսրայելի դեմ գործողությունների, ինչպես նաև համացանցում Միացյալ Նահանգների դեմ իրականացվող կիբերհարձակումների մասին է: Այս ֆոնին պետքարտուղարը խոստանում է` առաջիկա ամիսներին արդեն պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունը Թեհրանի դեմ ավելի է կոշտանալու:

«Թրամփի վարչակազմը չի պատրաստվում Իրանի խնդիրը որպես ժառանգություն թողնել հաջորդ վարչակազմերին: Ապացույցները հստակ են. Իրանի սադրիչ գործողությունները վտանգում են Միացյալ Նահանգները, տարածաշրջանը և ողջ աշխարհը: Արդեն նշեցի, որ Թրամփի վարչակազմը այժմ համապարփակ վերագնահատման է ենթարկում Իրանի հանդեպ վարվող քաղաքականությունը: Երբ մենք ի մի բերենք մեր բոլոր եզրակացությունները, հստակորեն ու վստահորեն կառերեսվենք Իրանի մարտահրավերներին», - հայտարարում էր Թիլերսոնը:

Իրանի նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնի հետագա քայլերի մասին առավել հստակորեն երեկ երեկոյան խոսեց Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: Նրա փոխանցմամբ, ամերիկյան գերատեսչությունները առաջիկա 90 օրերին կուսումնասիրեն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի իրագործման ընթացքը` հետագա քայլերի վերաբերյալ Դոնալդ Թրամփին հստակ առաջարկների փաթեթ ներկայացնելով:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Սպիտակ տանը ըմբռնո՞ւմ են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Միացյալ Նահանգների կողմից միջուկային համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշումը, Շոն Սփայսերը պատասխանեց․ - «Մենք բոլորս էլ տեղյակ ենք այն բացասական ազդեցության մասին, որ կարող է ունենալ այս քայլը: Կարևոր չէ՝ խոսում ենք տնտեսական, քաղաքական, թե ռազմական բնույթի գործողության մասին՝ մենք միշտ էլ հաշվարկում ենք այդ հնարավորությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG