Մատչելիության հղումներ

Աշակերտների ծնողները դպրոցի տնօրենին մեղադրում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ


Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը:
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը:

Կրթության և գիտության նախարարությունը տեսուչներ է գործուղել Երևանի թիվ 11 դպրոց, որի մի խումբ ծնողներ նամակ էին ուղղել վարչապետին` տարաբնույթ մեղադրանքներ հնչեցնելով տնօրենի հասցեին։

Անստորագիր նամակի համաձայն, Սերժ Սարգսյանի համակուրսեցի Ռուզաննա Ազիզյանը չարաշահում է պաշտոնեական դիրքը, վիրավորում և սպառնում ուսուցիչներին, իր հին հագուստը վաճառում գործընկերներին, դրամահավաք կազմակերպում, ուռճացված գնով, ստիպողաբար համազգեստ վաճառում աշակերտներին և այլն:

Դպրոցի տնօրենը հերքում է բոլոր մեղադրանքները․ - «Ցավոք սրտի, ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում: Մարդը ինչ որ ցանկանում է ներկայացնել, ներկայացնում է այնպես, ինչպես ինքը ուզում է»:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան նշեց, նամակը հիմք է հանդիսացել տեսչական ստուգումների համար, խիստ կոպտության մեղադրանք կա տնօրենի հասցեին․ - «Անհանգստացրեց նաև տնօրենի վարքագիծը և նույն ուսուցիչների: Հենց դրա մասին էր բաց նամակում: Այսօր մեր տեսչությունը կմտնի համալիր ստուգման դպրոց, որի արդյունքների մասին ձեզ կտեղեկացնենք»:

Նկարահանման պահին տեսուչներն աշխատում էին տեղում, հաշվապահական ստուգումներ իրականացնում և փորձում աշակերտներից պարզել, թե արդյոք հնչեցրած մեղադրանքներն իրականություն են։

Ուսմասվարի, ուսուցչի ներկայությամբ հարցման ժամանակ աշակերտները հերքեցին տնօրենի հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները։

Ֆեյսբուքյան օգտատերերից Սամվել Կիրակոսյանի էջում դեռ ապրիլի 14-ին հրապարակված նամակի տակ՝ մեկնաբանություններում, օգտատերերը դժգոհում էին տնօրենից ու նրա անպատժելիությունից՝ նշելով, որ Ազիզյանը բազմիցս շեշտել է՝ «թեժ գծին զանգեք-չզանգեք, ես պրոբլեմ չունեմ»։

Ռոբերտ անունով ծնողներից մեկը համաձայնեց զրուցել «Ազատության» հետ․ - «Նրա համար ա պետք գումար հավաքել, սրա համար ա պետք գումար հավաքել․․․ Օրինակ, թատրոնների տոմսերի վաճառքը, որը համարյա ամեն շաբաթ գոյություն ունի․ զանգում են՝ տոմսեր ա, պետք ա առնել․․․ Էդ սաղ մի կողմ: Ինձ ամենաշատ անհանգստացնող հարցը իրանց ձմեռվա ջեռուցման հարցն ա․ էս դպրոցում մանավանդ էս ձմեռը ահավոր ցուրտ էր»:

Այս ամենի հետևում ՀՀԿ-ական տնօրենն ընդդիմության ձեռագիրն է տեսնում․ - «Զգում եմ, որ դա ընդդիմության շունչն է․․․ Միանշանական քաղաքական հաշվեհարդար է»:

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի արդեն 17 տարվա տնօրեն Ռուզաննա Ազիզյանը նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, և բողոքող ծնողների համոզմամբ՝ նրա հովանավորյալը։ Դա է պատճառը, որ Ազիզյանին ամեն ինչ ներվում է։

Տնօրենը հակադարձեց․ - «Ի սեր Աստծո, հերիք է․․․ Հանգիստ թողեք ինձ, մեր կուրսը, նախագահին: Հո՞ կրակը չենք ընկել: Ես մինչև դպրոցի տնօրեն լինելը 25 տարի արդեն Հանրապետական կուսակցության անդամ եմ եղել: Ես հպարտ եմ, որ Հանրապետական կուսակցության անդամ եմ: Հանրապետական կուսակցության անդամ լինելը չի նշանակում կեղծարար լինել, չի նշանակում երկիրը չսիրել, չի նշանակում կեղեքել մարդկանց»:

Ռուզաննա Ազիզյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ 2014-ին նա դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվամբ:

2015-ին ավագանու անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը պարզել էր, որ երկու տարում, ըստ փաստաթղթերի, դպրոցը 13.7 մլն դրամի պարգևավճար էր տվել ուսուցիչներին։ Բախշյանը հիշում է, ստուգումներն այն ժամանակ խախտումներ չգտան, քանի որ փաստաթղթերով ամեն ինչ կարգին էր, իսկ ուսուցիչները լռեցին։

Բախշյանը վստահ է, որ ոչինչ չի բացահայտվի, քանի դեռ բողոքողները չես ստորագրում իրենց ասածների տակ․ - «Ասում էի գրեք դրա մասին, ստորագրեք: Անստորագիր որևէ բանի հետևից չեմ գնալու: Չգրեցին»:

Տեսուչները դպրոցում ուսումնասիրություն կանեն նաև վաղը։ Խախտումներ բացահայտելու դեպքում կտեղեկացնեն տնօրենի գործատուին՝ քաղաքապետարանին, որն էլ կորոշի պատիժը։

Նշենք, որ Ռուզաննա Ազիզյանի հասցեին նախկինում հնչած բազմաթիվ ահազանգերից հետո ոչ մի անգամ խախտումներ չեն բացահայտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG