Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը մերժել է սահմանադրական հանրաքվեն չեղյալ համարելու վերաբերյալ ընդդիմության ներկայացրած դիմումը: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, հանձնաժողովի 10 անդամներից 9-ը դեմ են քվեարկել վերոնշյալ դիմումին:
Նախօրեին ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական, ապա նաև Ժողովուրդների դեմոկրատական և Վաթան կուսակցությունները դիմել էին Գերագույն ընտրական հանձնաժողովին` հայտարարելով, թե չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները և պահանջում են կրկնել այն: «Ոչ»-ի կողմնակիցները պնդում են, թե հանրաքվեի ընթացքում անօրինականություններ են տեղի ունեցել, որոնք էլ ապահովել են «այո»-ի հաղթանակը: Ընդդիմության գլխավոր դժգոհությունը Գերագույն ընտրական հանձնաժողովի` առանց կնիքի քվեաթերթիկները վավեր համարելու մասին որոշումն է: Հանձնաժողովը, սակայն, այդ որոշումը օրինական է համարել:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու են Գերագույն ընտրական հանձնաժողովի որոշումը: