Եզդիների սուրբը՝ Մալաքե Թաուսը, այսօր տեղափոխվեց Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող նորակառույց սրբավայրը։ Այնտեղ այսօր հավաքվել էին եզդիներ աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանի այլ բնակավայրերից՝ նշելու իրենց համար տարվա ամենակարևոր տոնը՝ Նոր տարին։
Զուռնա-դհոլով, ազգային երգ ու պարով ուղեկցվող տոնակատարությունների մեկնարկը տրվել էր երեկ երեկոյան՝ կրկին Ակնալճում, որտեղ կառուցվում է աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը։ Իսկ թե ինչու հենց Հայաստանում՝ պարզաբանեց եզդիների նորընտիր պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը․ - «Փառք ու պատիվ այն անձանց, ովքեր նախաձեռնել են, ի դեմս պարոն Սլոյանի, այս սրբավայրի կառուցման գործը: Կարծում եմ 2018 թվականի տարեվերջին պատրաստ է լինելու, բայց իրականում սա էլ է մեծ ձեռքբերում և պիտի նաև շնորհակալություն հայտնենք Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին: Եթե ասում ենք աշխարհում ամենամեծ սրբավայրը, նշանակում է առաջինը Հայաստանի Հանրապետությունն է իր մեջ ուժ գտել, որպեսզի կանգնի եզդի ժողովրդի կողքին և հնարավորություն տա կառուցել այնպիսի սրբավայր, որը աշխարհում իր մեծությամբ նմանը չունի»:
Հայաստանի խորհրդարանում առաջին անգամ ներկայացուցիչ ունեցող եզդիների առաջնահերթ խնդիրը, ըստ Մախմուդյանի, Սինջարում եզդիների ցեղասպանության միջազգային ճանաչումն է․ - «Մեր եզդիների մոտ այսօր ամենամեծ ցանկությունն այն է, որպեսզի պառլամենտում օրենքի մակարդակով բարձրացվի եզդիների ցեղասպանության խնդիրը: Խոստացել եմ իմ հայրենակիցներին, և կարծում եմ՝ նախաձեռնելու եմ Հայաստանի Հանրապետության մյուս պատգամավոր գործընկերների հետ»:
Արարողությանը մասնակցում էր նաև եզդիների շրջանում հայտնի գործարար Ջնդի Ամարյանը, ում համար այս տոնն ազգային տոներից ամենակարևորն է․ - «Ես շնորհավորում եմ ամբողջ Հայաստանի եզդիներին, և Ռուսաստանի, և աշխարհով մեկ՝ բոլոր եզդիներին, և սուրբ օրը շնորհավորում եմ»:
Տոնակատարությանը մասնակցելու էին եկել նաև Իրաքի եզդիները։ Ալի Եզդին հաճախ է գալիս Հայաստան։ - «Ես շատ երջանիկ եմ, որ այսօր նշում եմ այս տոնը Հայաստանում, քանի որ սա առաջին անգամն է, որ մեր սուրբ տոնը Հայաստանում նման մեծ շուքով է նշվում», - «Ազատությանը» պատմեց նա: