Արդեն մի քանի տարի շարունակ գարունը Երևանում նշանավորվում է քանդած, տեղ-տեղ քերած ասֆալտով, դրա պատճառով առաջացած խցանումներով ու վարորդների դժգոհությամբ։
Շաբաթներ առաջ քաղաքապետարանը կրկին փողոցներ դուրս բերեց շինտեխնիկան ու սկսվեց նույն պատմությունը։ Կենտրոնական, նաև ծայրամասային հատվածներում քանդված ասֆալտն անհարմարություն է ստեղծել երևանցիների համար։ Դժգոհում են հատկապես վարորդները․ - «Ոչ մի տեղում չենք կարում անցնենք, սաղ փորել են, թողել են»:
Մեր նկարահանման պահին Սեբաստիա փողոցում հերթական քանդման աշխատանքներն էին ընթանում։ Շինխմբի անդամներից մեկն ի պատասխան «Ազատության» հարցի, թե ինչու է ասֆալտն ընդամենը մեկ տարի դիմանում, ասաց. - «Սաստիկ ձմեռ էր այս տարի: Հիմնականում դա է եղել պատճառը»:
Նա վստահեցրեց, թե փոսալցման աշխատանքներից հետո մոտ 3 տարի այս ասֆալտն այլևս վերանորոգման կարիք չի ունենա։
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը պնդում է, որ ամեն տարի նույն հատվածում ասֆալտապատում չի արվում։ Ընթացիկ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են կախված փողոցի ֆիզիկական վիճակից, իսկ հիմնանորոգված հատվածներում՝ շատ հազվադեպ․ - «Կապիտալ կառուցած փողոցում կարող է տեղում գրունտի իջվացք լինի․ մենք ստիպված ենք դա քանդել, նորոգել: Տպավորությունն այն է, թե ասֆալտն էր անորակ: Դա այդպես չէ: Ընթացիկ նորոգումը կապված է որոշակի հատվածների վնասվածքների հետ: Բայց ամբողջությամբ փողոցը կրկնել․ այդպիսի տպավորությունը, կարծում եմ, թյուրընկալում է»:
Մայրաքաղաքի ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բաշխյանը, մինչդեռ պնդում է, թե թյուրընկալման խնդիր չկա։ Նա արդեն չի հիշում, թե ասֆալտապատման հարցով քանի նամակ է գրել քաղաքապետին։ Բայց հիշում է վերջինը, որը 2016-ին ուղղեց Մարգարյանին հարցնելով՝ որքա՞ն կարելի է ամեն տարի քանդել ու նորից սարքել Արշակունյաց պողոտան։ Նրա խոսքով՝ կասկածի տակ է դրվում որակը, ու հարց է առաջանում, թե ուր են գնում բյուջերից դուրս գրված միլիարդավոր դրամները․ - «Փաստը, որ անցյալ տարի արված ասֆալտը էս տարի նորից կարիք ունի ասֆալտապատվելու, դա արդեն փոշիացած, անարդյունավետ ծախս է ստացվում: Մի տարվա համար ասֆալտ ե՞ն անում»:
Երեւանի քաղաքապետարանի կայքէջից տեղեկանում ենք, որ 2017-ին ասֆալտապատման աշխատանքների համար հատկացվել է 3 միլիարդ 756 միլիոն դրամ, որից 3.2 միլիարդը՝ պետական բյուջեից։ Մրցույթը շահած 8 կապալառուներն այս տարի պետք է հասցնեն նորոգել ու կարգի բերել 470 փողոց և 870 բակային տարածք։
Կամո Արեյանը վստահեցնում է, որ աշխատանքները կատարվում են կարճ ժամկետներում ու արվում է ամեն ինչ բնակիչներին նվազագույն անհարմարություն պատճառելու համար։
«Ազատության» հարցին, թե ինչպես է, որ որոշ փողոցներ օրերով մնում են քանդած ու չեն ասֆալտապատվում, Արեյանն արձագանքեց․ - «Որոշ դեպքերում տեղումների պատճառով ընդհատվել են ասֆալտապատման աշխատանքները․․․ Այդպիսի տևական քանդում՝ 5-6 օր մենք չենք ունեցել: Սա ասում եմ պատասխանատվությամբ»:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը այս առնչությամբ ասաց․ - «Երկարաձգելու պրոցեսը Երևանի քաղաքապետարանը կապում է նաև անձրևային եղանակների հետ․․․ 21-րդ դարն է, և օդերևութաբական ծառայությունները երբեմն նույնիսկ րոպեի ճշտությամբ ասում են՝ երբ ա անձրև գալու, երբ եղանակը ինչպիսին է լինելու: Հետևաբար այդ աշխատանքները պետք է հարմարեցվեն եղանակային պայմաններին»:
Նրա պնդմամբ՝ Մաշտոցի պողոտան քանդված է արդեն 5 օր։ Երեկ ու այսօր իր ֆեյսբուքյանն էջի ուղիղ եթերում քննադատելով քաղաքային իշխանության աշխատանքը՝ Փաշինյանը նշում է, որ ասֆալտապատան աշխատանքները ճիշտ չեն կազմակերպվում, թերացումները շատ են: Ընդդիմադիր գործիչը չի բացառում նաև կոռուպցիոն ռիսկերը։
Քաղաքապետարանում էլ հակադարձում են՝ Մաշտոցին պողոտայում գործը սկսել է 2 շաբաթ առաջ եւ աշխատում են հատված առ հատված։